Մատչելի հղումներ

 ‘’Պետք է ունենալ այնպիսի ՆԱՏՕ, որն ունակ է դիմակայելու ամեն մի ճգնաժամ ու մարտահրավեր’’. Ստոլթենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը վստահ է, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում առկա խնդիրները, այդ թվում Բրեքզիթը եւ ԱՄՆ-ում իմփիչմենթի գործընթացը բացասաբար չեն ներգործում իր ղեկավարած դաշինքի վրա:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, տասնամյակների փորձառության արդյունքում կարողացել է ձեռք բերել տարբերություններն ու տարաձայնությունները հարթելու հմտություններ: ‘’Տարաձայնություններն այսօր էլ առկա են, սկսած կլիմայական փոփոխության ու առեւտրի հետ կապված խնդիրներից մինչեւ Սիրիա: Սակայն, երբ հետ ենք նայում պատմությանը, տեսնում ենք, որ նման հարցերը միշտ էլ լուծումներ ստացել են: Բացի այդ, առկա է Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ ամուր կապը պահպանելու քաղաքական կամք’’:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում ժամանակաշրջանի ու քաղաքական միջավայրի փոփոխության դեպքերում ՆԱՏՕ-ի ներսում արագ փոփոխություններ իրականացնելու հանգամանքը: Նրա խոսքերով, դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն այսօր համարվում է պատմության մեջ ամենահաջողված կազմակերպությունը: Նա հիշեցնում է Խորհրդային Միության տապալումը, Բեռլինի պատի փլուզումը, Սառը պատերազմի ավարտը եւ նշում այդ ամենից հետո ՆԱՏՕ-ն պահպանելու պատճառները: Ստոլթենբերգի խոսքերով, ՆԱՏՕ-ն էր, որը կասեցրեց արյունահետղությունը Բալկաններում, դարձավ միջազգային ահաբեկչության դեմ պայքարող գլխավոր ուժը, սեպտեմբերի ահաբեկչական գործուղություններից հետո մուտք գործեց Աֆղանստան:

Գլխավոր քարտուղարի խոսքերով, ՆԱՏՕ-ն հիմա էլ ունի փոփոխությունների ենթարկվելու կարիք, քանի որ ասում է նա, Ռուսաստանը դառնում է ավելի ագրեսիվ, քանի որ մեծանում է կիբերհարձակումների վտանգը, քանի որ արագ վեր է բարձրանում Չինաստանը` նորացնելով ու նոր զինատեսակներով հագեցնելով իր զինված ուժերը:

Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք նոր են միանում ՆԱՏՕ-ին, Ստոլթենբերգի խոսքերով, պիտի հավատարիմ մնան երկու չափանիշների պահպանմանը: ‘’Նրանք պիտի ունենան հաղորդակցվելու ապահով ու անվտանգ միջոցներ, ինչպես օրինակ 5G համակարգը: Ինչ վերաբերում է ոչ անդամ երկրներին, ապա հավակնություններ ունեցողները պետք է իրենք որոշեն, թե ինչպես են կազմակերպում իրենց քաղաքացիական ենթակառույցները’’, ասում է նա:

Հարցին, թե ինչու է ՆԱՏՕ-ն հետաքրքրված Հյուսիսային Մակեդոնիայի նման փոքր երկրներ իր կազմի մեջ առնելու հարցում, Ստոլթենբերգը պատասխանում է. ‘’Որքան կայուն են մեր հարեւանները, այնքան անվտանգ ենք մենք’’:

Բեռլինի պատի անկումից հետո ընկած երեսուն տարիները Ստոլթենբերգը համարում է մեծ ձեռքբերումների ժամանակաշրջան բոլոր նրանց համար, ովքեր հավատում են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու ազատությանը: ‘’Այսօր մենք ունենք շատ ավելի միասնական ու շատ ավելի խաղաղ Եվրոպա: Եվ դա է ՆԱՏՕ-ն ավելի ընդարձակելու նպատակներ ունենալու պատճառը’’, ասում նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, այժմ էլ կան մարտահրավերներ: ‘’Մենք հիմա ապրում ենք լիովին այլ պայմաններում, երբ մեր առջեւ է ծառացած ահաբեկչությունների խնդիրը: Համաշխարհային առումով տեղի է ունենում ուժերի նոր հավասարակշռում, առկա է կիբեր եւ այլ տեսակի նոր հարձակումների վտանգը’’:

Նրա խոսքերով, սպառնալիքներն ու մարտահրավերներն այսօր շատ են: ‘’Դժվար է կանխատեսել: Սակայն մենք պիտի պատրաստ լինենք անկանխատեսելիին’’:

Դա է պատճառը, ասում է Յենս Ստոլթենբերգը, որ ունենանք այնպիսի ՆԱՏՕ, որն ի զորու է դիմակայել ամեն մի նոր ճգնաժամ:

XS
SM
MD
LG