Մատչելի հղումներ

Թրամփը պատրաստվում է դիմավորել Էրդողանին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պատրաստվում է նոյեմբերի 13-ին ընդունել Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին Սիրիայի քրդերի դեմ թուրքական ուժերի կողմից իրականացված ռազմական գործողություններից մի քանի շաբաթ անց։

Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի դաշնակից քրդական ուժերի դեմ Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողությունները արժանանում են ԱՄՆ-ի Կոնգրեսի մեծաթիվ անդամների քննադատությանը։ Նրանք գտնում են, որ ԱՄՆ-ը պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառի ընդդեմ Թուրքիայի։ Կոնգրեսականներից սենատոր Քրիս Վան Հոլենն ասել է, որ իրենք շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքները։


Մեկ այլ կոնգրեսական՝ սենատոր Չաք Շումերը ցանկանում է, որ Թրամփը պատմի Կոնգրեսին, թե նա ինչպես է երաշխավորելու, որ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Դաեշ ծայրահեղական խմբավորումը այլեւս չի վերակազմավորվի այս երկրում։ Սենատորն ասում է նաեւ, թե ինքը մտահոգված է Էրդողանին Վաշինգտոն հրավիրելու փաստով, ՝՝երբ այդ մարդու գործողությունները վտանգի տակ են դրել մեր դաշնակիցներին՛՛, ասել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփն Էրդողանին հղել էր նամակ, հորդորելով չսկսել ռազմական գործողություններ։ Էրդողանը մի կողմ էր նետել նամակը, վաշինգտոնյան այցը՝ դարձել անհավանական։

Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, չնայած Սիրիայում իրականացված գործողություններին, Թրամփն ու Էրդողանն ուզում են վերահաստատել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ ամուր կապերը։

Ինչպես վերլուծաբաններից Ալան Մակովսկին է ասում, Էրդողանը նայում է Միացյալ Նահանգներին ու այնտեղ տեսնում միայն մեկ բարեկամի։ ՝՝Եվ այդ բարեկամը երկրի նախագահն է։ Թրամփն էլ Թուրքիայում է տեսնում մի ղեկավարի, որի հետ ինքն իրեն ավելի լավ է զգում։ Եվ դա գուցե այն պատճառով, որ նրանց միջեւ կան նմանություններ՛՛, ասում է վերլուծաբանը։
Ու չնայած քրդերի դեմ թուրքական արշավից հետո Էրդողանին Թրամփի կողմից հղված նամակին, այն տպավորությունն է շատերի մոտ առաջ գալիս, որ Թրամփը հիանում է Էրդողանի կարծրությամբ եւ ավելի խորանում նրա հետ համագործակցությամբ։

XS
SM
MD
LG