Մատչելի հղումներ

Իսպանիայի ընտրություններում առավել թվով ձայներ են ստացել սոցիալիստները


Իսպանիայի կառավարող Սոցիալիստական կուսակցությունը կիրակի օրն անցկացված ընտրությունների արդյունքում խորհրդարանում ստացել է առավել թվով աթոռներ, սակայն չի ստացել այնքան տեղեր, որոնք ապահովեին մեծամասնություն։ Ընտրություններում նախկինից ավելի լավ արդյունք են գրանցել աջակողմյան կուսակցությունները։

Ձայների թվով երկրորդ տեղում է պահպանողական Ժողովրդական կուսակցությունը։ Ծայրահեղ աջ Վոքս կուսակցությունը գրեթե կրկնապատկել է իր աթոռների թիվը։

Այս ընտրություններն անցած չորս տարիների ընթացքում հրավիրված թվով չորրորդ ընտրություններն էին։ Ապրիլ ամսին անցկացված քվեարկության արդյունքում բացահայտ մեծամասնություն կազմել չէր հաջողվել որւեէ մեկ քաղաքական ուժի, եւ Սոցիալիստական կուսակցությունն էլ չէր կարողացել կազմել կոալիցիոն կառավարություն։

35Օ տեղանոց խորհրդարանում Սոցիալիստական կուսակցությունն այս անգամ ստացել է 12Օ աթոռ, ինչը երեք տեղով պակաս է ապրիլյան քվեարկությունից հետո։

Վերջին այս ընտրություններում ամենագլխավոր հարցերից մեկը Կատալոնիայի հետ աճող լարվածությունն էր, կիսաինքնավար երկրամաս Իսպանիայի հյուսիսարեւելքում, որտեղ 2Օ17 թվականին սկսված անկախական շարժման տապալումից հետո առաջ եկավ անցած 4Օ տարիների ընթացքում քաղաքական ամենամեծ ճգնաժամը։

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնի ու մի շարք այլ քաղաքների փողոցներում վերջերս նորից սկսված բռնությունների արդյունքում արթնացավ անկախական, ազգայնական շարժումը։ Սակայն այն մյուս կողմից զայրույթ առաջ բերեց երկրամասի անկախացմանը դեմ Իսպանիայի այլ հատվածներում, ինչն էլ նպաստեց ծայրահեղ աջերի Վոքս կուսակցության հաջողությանը։

XS
SM
MD
LG