Մատչելի հղումներ

Գերագույն դատարանը` ԴԱԿԱ-ի մասին


ԴԱԿԱ կամ Հետաձգված գործողություն մանկության ժամանումների համար ծրագիրը, որն ուժի մեջ էր մտել 2012 թվականին դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք, համեմատական անդորր էր հաստատել այն 700 հազար երիտասարդների համար, որոնց մանկության տարիներին Միացյալ Նահանգներ էին տեղափոխել նրանց հարազատներն անօրինական ճանապարհով: Այստեղ մեծացած այս երիտասարդների ապագան այժմ հարցականի տակ է, քանի որ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստարկներ է ներկայացրել Գերագույն դատարան ընդդեմ ԴԱԿԱ-ի:

Գերագույն դատարանը, որտեղ 5-ը 4-ի հարաբերակցությամբ մեծամասնություն են կազմում Թրամփի պահպանողական կուսակիցները, լսելու է Թրամփի վարչակազմի բողոքարկումներn այն երեք ստորին դատարանների դեմ, որոնք 2017 թվականին չեղարկել էին ԴԱԿԱ-ն կասեցնելու Թրամփի ծրագիրը:

Դրիմերները, այսինքն այս ծրագրի հովանավորյալները լուրջ աջակցություն են ստանում տարբեր ընկերություններից, այդ թվում ‘’Մայքրոսոֆթ եւ Ըփըլ’’ ընկերությունից, ինչպես նաեւ բարձրագույն մի շարք հաստատություններից:

Կալիֆորնիայի համալսարանի դպրոցական համակարգը, որն ունի մոտ 1700 դրիմերներ, միացել է Թրամփի որոշման դեմ դատական գործին: Գործին են միացել նաեւ Կալիֆորնիա ու Նյու Յորք նահանգները եւ մի շարք կազմակերպություններ: ‘’Պարզապես չենք հասկանում, թե ինչու են ուզում այս երիտասարդների արտաքսել երկրից ու զրկել նրանց այստեղ աշխատելու իրավունքից’’ ասում է Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջանեթ Նապոլիտանոն: Հիշեցնենք, որ նա Օբամայի օրոք ներքին գործերի նախարարն էր:

Դատական որոշումների արդյունքում այս ծրագրի մեջ ընդգրկված անձինք ստացան աշխատանքի իրենց իրավունքը երկու տարով եւս երկարաձգելու հնարավորություն: Սակայն նոր դիմումներ Թրամփի վարչակազմն այլեւս չի ընդունում

Դեմոկրատական մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատը ընդունել է օրինագիծ, որը պաշտպանում է դրիմերներին: Սակայն հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը դեռեւս չի իրականացնում այդ ուղղությամբ որեւէ քայլ:

Օբաման ԴԱԿԱ ծրագիրը սկսեց որպես գործադիր հրահանգ, երբ Կոնգրեսում չհաջողվեց գալ այս անձանց առջեւ քաղաքացիության համար ուղի հարթելու շուրջ համաձայնության: Օբաման ու այս ծրագրի շուրջ նրա համախոհներն ասում են, թե այս երիտասարդներն այստեղ են բերվել մանկահասակ տարիքում ու կրթություն են ստացել եւ դաստիարակվել ԱՄՆ-ում, մեծացել են որպես ամերիկացիներ եւ հաճախ շատ բան չգիտեն իրենց ծննդավայրի մասին:

Թրամփն ասում է, թե ուզում է, որ Գերագույն դատարանը որոշի: Վստահ լինելով, հանրապետական մեծամասնությամբ դատարանը կքվեարկի հօգուտ իր դիրքորոշման, Թրամփն ունի հույս այսպիսով գործարք կնքել դեմոկրատների հետ: Խոսքը եւս մի կարճ ժամեկետով նրանց աշխատանքի իրավունքը երկարաձգելու մասին է:

XS
SM
MD
LG