Մատչելի հղումներ

Հայաստանում կանայք բավարար պաշտպանված չեն` զեկույց


Lebanese Armenians carry an Armenian national flag as they march in North Beirut, April 24, 2015.
Lebanese Armenians carry an Armenian national flag as they march in North Beirut, April 24, 2015.

Ըստ Ջորջթաուն ինստիտուտի կանանց կարգավիճակը հետազոտող զեկույցի Հայաստանը 2019 ին առաջընթաց է գրանցել։ Կանանց խաղաղության ու անվտանգության մասին Ջորջթաուն ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա հետազոտությունը գնահատում է աշխարհի բոլոր երկրներում կանանց կարգավիճակը՝ հասարակության մեջ ներգրավվածության, հավասար իրավունքների եւ անվտանգության տեսակետից:

Հետազոտության համաձայն, Հայաստանում հաջողվել է անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան կրկնապատկել կանանց ներկայությունը խորհրդարանում՝ հասցնելով այն 10-ից 24 տոկոսի: 2016-ից Հայաստանի գյուղական շրջաններում նախաձեռնված ֆինանսական տեղեկատվության տարածման ծրագրերը նույնպես թույլ են տվել 2019-ին ավելացնել Հայաստանում կանանց ներգրավվածությունը երկրի ֆինանսա-տնտեսական ոլորտում: Այնուամենայնիվ, թեեւ օրենքը տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորություններ է ընձեռում, ֆինանսական հաստատությունները հաճախ մերժում են վարկեր տրամադրել կին ֆերմերներին:

Կանանց կարգավիճակի եւ իրավունքների տեսանկյունից Հայաստանում մեծ խնդիր է նաեւ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։ Երեխայի սեռը պարզելուց հետո աբորտների թվով Հայաստանն ու Ադրբեջանը կիսում են աշխարհում նախավերջին տեղը՝ զիջելով միայն Չինաստանին։ Հայաստանի հարեւան Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում իրավիճակն այս առումով անհամեմատ լավ է:

Ըստ հետազոտության, Հայաստանում կանանց կարգավիճակի առումով 2019-ին գրանցված առաջընթացը բավարար չէ եւս մի շարք ցուցանիշներով: Կանանց խաղաղության ու անվտանգության Ջորջթաուն ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա զեկույց-հետազոտության գնահատմամբ 2019-ին Հայաստանին հոջողվել է առաջընթաց գրանցել 18 կետով՝ 167 երկրների ցանկից բաղկացած ցուցանիշում 2018-ի 100-րդ տեղից 82-րդ տեղում հայտնվելով։ Նշենք, որ զեկույցն ուսումնասիրում է կանանց կարգավիճակի գնահատման հետեւյալ ցուցանիշները՝ կանանց կրթություն եւ աշխատանք ստանալու հնարավորությունը, հաղորդակցության եւ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունը, իշխանության մեջ ներկայացվածությունը, կանանց նկատմամբ խտրական օրենքների եւ հասարակական նորմերի առկայությունը, ինչպես նաեւ կանանց պաշտպանվածությունը բռնության տարբեր տեսակներից:

Հայաստանից զեկույցի համաձայն առաջ են ոչ միայն Եվրոպայի այլեւ Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրներ:Առաջին եռյակում են Նորվեգիան, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան; Գերմանիան 17-րդն է, Միացյալ Նահանգները՝ 19-րդը, Ղազախստանը 43-րդն է, Վրաստանը՝ 46-րդը, Ռուսաստանի Դաշնությունը 51-րդ տեղում է: Հայաստանից առաջ են նաեւ Թուրքմենստանը, Նամիբիան, Ռուանդան, Զիմբաբվեն ու Չինաստանը: Հայաստանից վատ է իրավիճակը Ուզբեքստանում, Քենիայում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ադրբեջանում եւ մի քանի տասնյակ այլ երկրներում: Վերջին՝ 165-167-րդ տեղերում են Սիրիան, Աֆղանստանն ու Յեմենը:

Դժվարությամբ են փոխվում նաեւ հայ հասարակության մեջ կարծրացած խտրական նորմերը: Այսպես, 2016-ին անցկացված հարցման համաձայն, չափահաս հայ տղամարդկանց 17 տոկոսը համարում է, որ կնոջ համար աշխատանքի գնալն անընդունելի է: Համեմատության համար, Կանադայում այդ թիվը 0 տոկոս է կազմում, ԱՄՆ-ում, Իտալիայում՝ 1 տոկոս, Զիմբաբվեում, Պերուում եւ Գանայում՝ 7 տոկոս: Առավել վատն է իրավիճակը այս ոլորտում Լիբիայում, Բանգլադեշում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում եւ Յեմենում, որտեղ տղամարդկանց կեսից ավելին համոզված է, որ կնոջը պետք է արգելել աշխատանքի գնալ:

Facebook Forum

XS
SM
MD
LG