Մատչելի հղումներ

Թրամփին անվստահության քվե հայտնելու գործընթացը` ընթացքի մեջ


ԱՄՆ-ի դեմոկրատական մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը պաշտոնապես հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու հետաքննությունը: Պալատի բոլոր հանրապետական կոնգրեսականները քվեարկեցին դեմ: Բոլոր դեմոկրատները քվեարկեցին կողմ, բացի երկուսից:

Հիշեցնենք, որ այս գործընացը սկսվեց այն բանից հետո, երբ տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հորդորել էր նրան իր մրցակից Ջո Բայդընի ու վերջինիս որդու մասին հայտնել այնպիսի տեղեկություններ, որոնք կվնասեին նախագահի պաշտոնին հավակնող իր մրցակցի վարկանիշը: Այս ընթացքում Թրամփը կասեցրել էր Ուկրաինային հատկացվելիք միլիոնավոր դոլարների օգնությունը:

Անցկացված քվեարկությունից հետո Թրամփը թվիթերյան իր էջում նորից գրեց, թե սա ‘’Վհուկաորս’’ է:


Նախագահներին անվստահության քվե հայտնելու բոլոր գործընթացներն էլ ունեցել են քաղաքական հենք, սակայն դեմոկրատներն այսօր հայտարարում են, թե հետաքննություն անցկացնելու հանգամանքը բխում է իրենց պարտականություններից: ‘’Մենք այստեղ ենք հասել, քանի որ հանգամանքներն են ստիպել դա մեզ’’, ասում է դեմոկրատ կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնը:

Կոնգրեսում նախագահի աջակիցները համամիտ չեն: Ինչպես հանրապետական կոնգրեսական Ստիվ Սքելիսն է ասում, ‘’Կան մարդիկ, որոնք այդպես էլ չհամակերպվեցին 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքի հետ: Եվ Նենսի Փելոսիի գլխավորությամբ այս մի փոքր խումբը չէ, որ պիտի որոշի, թե ով է լինելու երկրի նախագահը’’, ասում է նա:
Հանրապետականները նաեւ դժգոհում են, որ իմփիչմենթի մասին նոր օրենքները արդար չեն Թրամփի հարցում: Հանրապետական կոնգրեսական Թոմ Քոլի կարծիքով, ‘’Սա արդար գործընթաց չէ: Սա բաց գործընթաց չէ: Սա թափանցիկ գործընթաց չէ: Այն փակ գործընթաց է` նախապես որոշված վճռով’’, ասում է նա:

Իմփիչմենթի հարցով լսումները սկսվելու են նոյեմբերի կեսերին, որից հետո քվեարկություն է անցկացվելու իմփիչմենթի հոդվածների կապակցությամբ: Քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում ամենայն հավանականությամբ կանցնի: Սակայն հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը կպաշտպանի Թրամփին:

XS
SM
MD
LG