Մատչելի հղումներ

Արդյո՞ք թիվ 296 բանաձևով ԱՄՆ-ը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և արդյո՞ք Թրամփը պետք է այն ստորագրի


Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը առաջինը չէր: Ինչո՞վ է այս բանաձևը տարբերվում 1975 և 1984 թթ ընդունվածներից և արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը, որը սակայն շատերի մոտ հարց է առաջացնում, թե արդյո՞ք կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով, դա միանշանակ այդպես է:

«Ես կասեի այո, ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Ներկայացուցիչների պալատի պաշտոնական այս քվեարկությամբ, բայց նաև նախկինում՝ արխիվներրի, մեր դեսպանների և այլ բանաձևերի միջոցով: Հակիրճ պատասխանն է այո»,- ասում է Բրայան Արդունին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի իշխանություններն ունեն 3 հավասարազոր ճյուղեր, որոնց որոշումները անկախ են միմյանցից:

«Շատերը հավատացած են, թե այս օրինագիծը պետք է այնուհետև ուղարկվի Սենատ, ապա նախագահին՝ ստորագրության համար: Ոչ: Սակայն, սա Ներկայացուցիչների պալատի պաշտոնական ճանաչումն էր: Իսկ ինչ վերաբերում է Սենատին, ապա այնտեղ նույնպես առաջ է քաշվում Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, որին արդեն աջակցում են 21 սենատորներ: Ակնհայտ է, որ այս հարցը քննարկվում է նաև Սենատում»,- ասում է Բրայան Արդունին:

Երբ նախկինում ԱՄՆ-ի պետական մարմինները օգտագործում էին ՝՝ցեղասպանություն՛՛ եզրը, կառավարության կողմից արժանանում էին խիստ քննադատության, և նույնիսկ պաշտոնազրկման:

Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, այս անգամ պատկերն այլ է:

«Եթե կառավարության գործադիր ճյուղն այսուհետ աշխատանքից հեռացնի որևէ մեկին, «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործելու համար, ապա այս դեպքում այդ աշխատակիցը կարող է պնդել, որ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծն ու նշել, որ մենք շարունակապես ճանաչում ենք, և ԱՄՆ կառավարությունը ժխտում է այս ոճրի հերքումը»,- ասում է Արամ Համբարյանը:

Համբարյանը Վաշինգտոնում քաղաքական իրավիճակը շախմատի խաղի հետ է համեմատում և մատնանշում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես քաղաքականացվել է շատ առումներով:

«Կառավարության այն ճյուղը, որն ամենից շատն է բաց օտարերկրյա ճնշման առջեւ՝ գործադիր ճյուղն է: Այսինքն, եթե Թուրքիան ցանկություն ունենա արտահայտելու իր դժգոհությունն այս օրինագծի շուրջ, դա կարող է փոխանցել գործադիր ճյուղին: Օրենսդիր ճյուղը դրա հետ չի առնչվում: Սա քաղաքական հարթակ է և քաղաքականություն՝ ամերիկյան օրենքն այլևս չի հանդուրժում ժխտողականությունը: Խաղն ավարտված է»,- ասում է Արամ Համբարյանը:

«Այն, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 405 անդամներ, անկախ կուսակցական պատկանելությունից, անկողմնակալ կերպով քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օգտնին, ինքնին հայտարարություն է»,- ասում է Բրայան Արդունին:

Հիշեցնենք, որ 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, իրենց թեկնածությունը դրած յուրաքանչյուր օրենսդիր, թե՛ Ներկայացուցիչների պալատում և թե՛ Սենատում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակիցներ են կամ այդ օրինագծերի հեղինակներ:

XS
SM
MD
LG