Մատչելի հղումներ

Չիլիացիները պահանջում են միլիարդատեր նախագահ Պիներայի հրաժարականը


Չիլիում չեղարկվել են բոլոր միջազգային միջոցառումները, ներառյալ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության համաժողովը՝ երկրում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով

Չիլիում ընթանում են բողոքի աննախադեպ ցույցեր, որոնք սկիզբ առան հոկտեմբերի 18-ի որոշումից հետո Սանտիագոյի մետրոյի ուղևորավարձերը բարձրացնելու վերաբերյալ:

Բողոքի ցույցերն արագ վերածվեցին անկարգությունների, խանութների ու մետրոյի կայարանների վրա հարձակումների: Ըստ չիլիացիների, այս ամենին նպաստել է տնտեսական անհավասարությունն ու պետական ծառայությունների և առողջապահության ցածր որակը:

Ցույցերը վերածվեցին բախումների: Ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ ցուցարաների դեմ՝ փորձելով վերականգնել կարգուկանոնը, սակայն հաջողության չհասավ: Կառավարությունում իրականացվեցին փոփոխություններ, որը ևս չտվեց սպասելի արդյունք:

«Նախագահը տեղերով փոխեց պաշտոնյաներին, սակայն հիմնական խնդրահարույց դեմքերը չհեռացան, ներառյալ առողջապահության, կրթության, տրանսպորտի նախարարները»,- ասում է ցուցարար Կատալինա Լուզան:

Չիլին մշտապես դիտարկվել է որպես Հարավային Ամերիկայի ամենակայուն և անվտանգ երկիր: Այս զարգացումները անսպասելի էին ոչ միայն վերլուծաբանների, այլև աջակողմյան քաղաքական դիրքորոշում ունեցող նախագահ Սեբաստիան Պիներայի կառավարությանը:

«Մեր հիմնական առաջնահերթությունն է որպես կառավարություն հասարակական կարգի, քաղաքացիների անվտանգության և խաղաղության վերականգնումը»,- հայտարարել է Պիներան:

Նոյեմբերի կեսերին այստեղ պետք է կայանար Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության համաժողովը, որին նախատեսվում էր ԱՄՆ, Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդների մասնակցությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար այստեղ պետք է ժամանեին շուրջ 25 հազար մասնակիցներ: Դրա փոխարեն այսօր Չիլիի աջակողմյան կառավարությունը ստիպված է դիմակայել միլիարդատեր նախագահ Սեբաստիան Պիներայի հրաժարականի պահանջներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG