Մատչելի հղումներ

Բեռլինի պատի փլուզումից 3Օ տարի անց


Երեսուն տարի անցավ այն օրից, երբ փլուզվեց 1961 թվականից Բեռլինի երկու հատվածներն իրարից բաժանող պատը։ Դեպի քաղաքի արեւմտյան հատվածն անցնելու արեւելագերմանացիների փորձերը կասեցնելու նպատակով կառուցված պատից այսօր մնացել են միայն մի քանի հատվածներ, որոնք ծառայում են որպես թանգարանային նմուշներ՝ հիշեցնելու համար այն մութ օրերը։

Անցած տասնամյակների ընթացքում Արեւելյան Բեռլինը փորձում էր վերացնել Արեւմտյան Բեռլինի հետ առկա մեծ տարբերությունները։ Դրա օրինակներից են այն շինությունները, որոնք կառուցվել են այս ընթացքում։

Այստեղ է գտնվում ՝՝Փոքր Դամասկոս՛՛ անվանումը կրող փողոցը, որտեղ Սիրիայից այստեղ ապաստան գտած փախստականները բացել են ռեստորաններ ու հիմնել այլ բիզնեսներ։ Քաղաքին մեկ այլ շունչ են հաղորդում այլ երկրներից այստեղ հաստատված անձինք։ Այս հատվածը լի է զբոսաշրջիկներով։ Ինչպես ամերիկացի այս զբոսաշրջիկն է ասում, ՝՝այսօր, երբ Մեծ Բրիտանիան նախապատրաստվում է Բրեքզիթին, մեծաթիվ բիզնեսներ են որոշել տեղափոխվել Բեռլին՛՛։
Սակայն պատերի վրա կատարված գրաֆիթիի գրառումներից կարելի է հասկանալ, որ բեռլինցիներն այնքան էլ գոհ չեն մարդկանց թվի արագ աճի համար։ Արագ աճում է բնակարանների վարձը եւ մեծանում սոցիալական խնդիրները։
Ինչ վերաբերում է նախկին Արեւելյան Գերմանիայի տարածքում այսօր տիրող տնտեսական իրավիճակին, պետք է ասել, որ այն այստեղ անկում է ապրել։ Դրա վկաներն են լքված բազմաթիվ գործարանները։
՝՝Դի ցայթ՛՛ օրաթերթի լրագրողներից Էլենա Էրդմանի խոսքերով, պատի փլուզումից հետո իր աշխատանքը կորցրեց Արեւելյան Գերմանիայի բնակչության 8Օ տոկոսը, ինչի արդյունքում էլ նախկին բեռլինցիների մի հոծ զանգված հեռացավ քաղաքից։ Այստեղ աշխուժացան աջթեւային կուսակցությունները։ Կանաչների կուսակցությունից Յանա Բրիքսի խոսքերով, հիմա անհրաժեշտ է զարկ տալ ժողովրդավարությանը։ ՝՝Իսկ լավ ժողովրդավարության համար անհրաժեշտ են մեծ թվով մարդիկ, որոնք մեծացել են ու դաստիարակվել ժողովրդավարության սկզբունքներով, որոնց մտածելակերպը հենված է ժողովրդավարական արժեքների վրա՛՛։ Նրա խոսքերով իրենք այստեղ կանգնած են այն կորցնելու վտանգի առջեւ, սակայն այն փրկելու հույսերը փոքր չեն։

Հույսերը փոքր չեն, սակայն սինագոգներից մեկի դեմ աջթեւային ահաբեկիչների կողմից վերջերս իրականացված հարձակումը մեկ անգամ եւս ընդգծում է այն հանգամանքը, որ արմատներ են այստեղ նետում հակահրեականությունն ու հակամահմեդական տրամադրությունները։

XS
SM
MD
LG