Սիրիայի նավթային պաշարների պաշտպանությունը ԱՄՆ-ի նախագահը համարում է առաջնահերթություն, եւ չնայած այստեղից ամերիկյան ուժերը դուրս բերելու փաստին, այլ զորքեր է մտցնում՝ նավթի հանքերի անվտանգությունն ապահովելու համար։
Իսլամական պետությունը՝ Դաեշ ծայրահեղական կազմակերպությունը, երբ տարիներ առաջ սկսեց լայնածավալ տարածքներ գրավել Իրաքում ու Սիրիայում, հիմնականում կախյալ էր այդ երկրների նավթային պաշարներից։
Վերլուծաբան Լորի Բլենքի խոսքերով, ծայրահեղականները նավթն օգտագործում էին ոչ միայն որպես վառելանյութ իրենց ռազմական տեխնիկայի համար, այլ նաեւ կարողանում էին նավթը հասցնել սեւ շուկա։
Սակայն չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ հարկավոր է վերահսկել նավթային պաշարներն այնտեղ հօգուտ ԱՄՆ-ի, մեծաթիվ փորձագետներ չեն ընդունում այն կարծիքը, թե ամերիկյան ընկերությունները կարող են օգտվել Սիրիայի նավթային պաշարներից։
Նրանցից Ջեֆ Քոլգանի խոսքերով, ամերիկյան ընկերությունները կարող են կանգնել այնտեղ գործունեություն ծավալելու շուրջ իրավական ու գործնական դժվարությունների առջեւ։ ՝՝Եվ ես չեմ կարծում, որ նրանք հետաքրքրված կլինեն այնտեղ գործունեություն ծավալելու աշխատանքներով՛՛, ասում է նա ու հիշեցնում, որ ահաբեկիչները, սկսած Օսամա բին Լադենի ժամանակներից, միշտ են փորձել տարածել այն կարիծիքը, որ Ամերիկան խառնվում է Մերձավոր Արեւելքի խնդիրներին, այստեղի նավթի պաշարներից շահ ստանալու նպատակով։
՝՝Եվ ահա Թրամփի այն հայտարարությունը, թե ինքը փորձելու է գործարք նախապատրաստել ՝՝Էքսոն մոբիլ՛՛ կամ այլ ընկերությունների հետ՝ Սիրիայի նավթի պաշարներից օգտվելու համար, կարող է իրոք թյուր տպավորություն ստեղծել, որ այո ԱՄՆ-ի նպատակն այստեղ հենց դա է եղել՛՛, ասում է փորձագետը։
Պատերազմները միայն նման նպատակներով սկսելու ու շարունակելու մասին տեսակետները հենված են հին ժամանակներից մնացած փորձառության վրա ասում է նա։ ՝՝Նման գաղափարներն այլեւս հնացած են։ Հին պատերազմների դեպքում էին արշավում, գրավում ու տնօրինում։ Ներկա աշխարհն այսօր չի կարող գործել նման կերպ՛՛, գտնում է վերլուծաբանը։
Սակայն այն հանգամանքը, որ Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված են մի քանի կողմեր՝ Ռուսաստանը, քրդերը, Սիրիան ու նույնիսկ Իրանի զինված ջոկատները, խոսում է այն մասին, որ նավթի պաշարների վրա վերահսկողություն հաստատելու հարցում եւս մրցակցությունն անխուսափելի է։