Իսլամական պետություն կամ Դաեշ ծայրահեղական խմբավորման հիմնադիր ու ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ապաստարանից գրեթե ոչինչ չի մնացել ամերիկյան ուժերի կողմից իրականացված գործողությունից հետո։
Մինչեւ նրա մարմնի մասերը ծովը նետելը, ամերիկյան ուժերը այս փլատակների տակ գտնվող թունելից դուրս են բերել դրանք ու անցկացրել ԴՆԹ-ի ստուգում։
Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի պաշտոնատար անձինք են ասում, գործողության արդյունքում ձերբակալվել է նաեւ երկու տղամարդ։ Եվ հույս կա, որ այս երկուսի միջոցով, եւ տեղանքից հավաքված տվյալների համադրությամբ ամերիկյան ուժերը կարեւոր տեղեկություններ ձեռք կբերեն։
Իսկ նախագահ Թրամփը իր ուշադրությունն այժմ սեւեռում է Սիրիայի հյուսիսարեւելքում գտնվող նավթի հանքերի վրա։ ՝՝Մենք պահում ենք նավթը, դա հիշե՛ք։ Ես միշտ եմ ասել՝ պահեք նավթը՛՛, ասել է նա ու շեշտել, որ ամեն ամիս այն բերում է 45 միլիոն դոլարի եկամուտ։
Հիմա նավթի հանքերի անվտանգությունն ապահովելն ԱՄՆ-ի նպատակն է։ Ինչպես պաշտպանության նախարար Մարք Էսփերն է ասել, ամերիկյան ուժերն այդ հանքերն անհրաժեշտության դեպքում պաշտպանելու են ռուսական ու Սիրիայի կառավարական ուժերից։
՝՝Ուզում ենք վստահ լինել, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերը մուտք կունենան դեպի այդ պաշարները, որպեսզի կարողանան վերահսկել բանտերը, զինեն իրենց զորքերին, որպեսզի կարողանան աջակցել մեզ Դաեշի դեմ պայքարում՛՛, ասել է նա։
Մի քանի օր առաջ էր, որ ամերիկյան զորքերը դուրս եկան Սիրիայից։ Սակայն ինչպես պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանցից մեկն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, ամերիկյան ուժերի մեկ այլ շարասյուն էլ կիրակի օրը մուտք է գործել Սիրիա՝ տեղի ուժերի հետքաշումն ապահովելու համար։
Նավթի հանքերը պաշտպանելու նպատակով այստեղ կտեղակայվեն ամերիկյան ուժեր, որոնք նախարարի խոսքերով, կունենան ավելի փոքր թվակազմ, քան այն զորքերը, որոնք դուրս են բերվում Սիրիայից։
Ու երբ մի կողմից Սիրիայից դուրս են բերվում ամերիկյան ուժերը, ու մյուս կողմից այստեղ են տեղակայվում նոր ուժեր, դժվար է ասել, թե այստեղից ամերիկյան ուժերի թվակազմը երբ է հավասարվելու զրոյի։