Մատչելի հղումներ

Ալ Բաղդադիի սպանությունն ահաբեկչության վերջը չէ


ԱՄՆ-ի հատուկ ուժերը Սիրիայի Իդլիբի գավառում շաբաթ օրը շուրջկալի մեջ առան Դաեշ ծայրահեղական խմբավորման հիմնադիր ու ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին, որտեղ մի թունելում ծուղակի մեջ հայտնվելուց հետո գոտկատեղին ամրացաված պայթուցիկներով պայթեցրեց ինքն իրեն ու երեք երեխաների: Թրամփի խոսքերով, տասնմեկ երեխաներ ապահով կերպով դուրս են բերվել գործողությունն իրականացված տեղանքից: Ամերիկյան կողմը կորուստներ չի կրել:
Թրամփն ու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ Սպիտակ տնից հետեւել են իրականացվող գործողությանը:

Ալ Բաղդադին, 2014 թվականին Իրաքի Մոսուլ քաղաքում հայտարարեց Իսլամական պետության խալիֆայություն, ու այստեղ տարածեց ահ ու սարսափ: Այստեղ մի շարք անձինք գլխատվեցին, որոնց իրականացման տեսագրությունները վերբեռնվեցին համացանցում: Սակայն 2018 թվականին խմբավորումն արդեն կորցրել էր իր լայնածավալ տարածքների մեծ մասը:

Մարդիկ Մոսուլում ուրախ են, որ ի վերջո ոչնչացվել է իրենց սարսափի մեջ պահող ալ Բաղդադին, մարդիկ,որոնցից շատերն այստեղ կորցրել են իրենց հարազատներին:

Թրամփն այս գործողությունը հաջողությամբ պսակվելու գործի համար շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային ու Իրաքին: ‘’Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Սիրիայի քրդերին ցուցաբերած աջակցության համար’’, ասել է նա ու նշել, որ գործողությունն իրականում եղել է շատ դժվարին ու վտանգավոր:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, շնորհավորելով Թրամփին, միեւնույն ժամանակ ասել է, թե սա իրականում մի շատ երկար ճակատամարտի մի մասն է միայն, ճակատամարտ, որտեղ հարկավոր է հաղթանակել, ասել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես հանդես է եկել այս գործողության կարեւորության մասին հայտարարությամբ ու ավելացրել, որ Բաղդադիի խմբավորման դեմ պայքարը պետք է շարունակվի:

Այս ամիս ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր քրդերի վերահսկողության տակ գտնվողՍիրիայի հյուսիսային հատվածներից ամերիկյան ուժերը դուրս բերելու որոշման մասին: Դրա արդյունքում Թուրքիան սկսեց ռազմական գործողություններ ընդդեմ քրդերի, որից հետո քրդական ուժերը հետքաշվեցին այս հատվածներից` բուֆերային գոտու վերահսկողությունը հանձնելով ռուսական ու սիրիական ուժերին: Մի լայնարձակ հատված էլ մնում է թուրքական վերահսկողության տակ:

Այս պարագայում, ասում է սենատոր Լինդզի Գրեհեմը, պետք է լուծվի Սիրիայի քրդերի ու Թուրքիայի միջեւ հակամարտությունը: Ալ Բաղդադիի սպանությունը խաղի կանոնների փոփոխության մեծ հիմք համարելով հանդերձ` շատերն են ասում, որ պատերազմն ընդդեմ ահաբեկչության ավարտված չէ:

XS
SM
MD
LG