Մատչելի հղումներ

Հոնկոնգը չի հանդարտվում



Անցած շաբաթավերջին, 21-րդ շաբաթը լինելով, հազարավոր մարդիկ դուրս էին եկել Հոնկոնգի փողոցներ, շարունակելու համար հակակառավարական ցույցերը: Սակայն այդ օրը նրանց դեմ դուրս բերվեցին ոստիկանական հատուկ ուժեր, որոնք կիրառում էին բռնություններ ընդդեմ ցուցարարների:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դարձավ Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն անցյալ շաբաթ աջակցություն հայտնեց Պեկինի դեմ սկսված բողոքի ալիքին:

‘’Մենք կանգում ենք իրենց իրավունքները պաշտպանելու համար ոտքի ելած Հոնկոնգի միլիոնավոր ցուցարարների կողքին եւ հորդորում պահպանել ոչ բռնի իրենց գործողությունները’’, ասել էր Փենսը:
Սակայն խաղաղ ցույցերին հաջորդեցին բախումներն ու վանդալիզմը, ինչին ոստիկանությունն արձագանքեց արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ, որոշ դեպքերում նաեւ հրազեն կիրառելով:


Ինչպես ընդդիմությունը ներկայացնող օրենսդիր Թեդ Հուին է ասում, Հոնկոնգում մարդիկ չէին ուզենա, որ այս ամենը տեղի ունենար, սակայն հարկավոր է հասկանալ այս ամենի պատճառը: ‘’Մարդիկ չունեին իրենց պահաջները ներկայացնելու այլ հնարավորություն: Կարծում եմ, ամենաճիշտը կլիներ, որ կառավարությունը կատարեր ժողովրդի հինգ պահաջները եւ հարցը լիովին կլուծվեր’’, ասում է նա:

Ասենք, որ Հոնկոնգի իշխանություններն անցած շաբաթ արդեն իսկ պաշտոնապես հետ են վերցրել օրենքի այն բանաձեւը, որի պատճառով էին այստեղ սկսվել համատարած ցույցերը: Հիշեցնենք, որ այդ բանաձեւն օրենքի վերածվելու դեպքում Հոնկոնգի բնակիչներին կարող էին դատարանների առջեւ կանգնեցնել Չինաստանում: Ընդդիմությունը վստահ էր, որ այդպիսով Պեկինը փորձում է մեծացնել իր վերահսկողությունը Հոնկոնգի վրա:

Այժմ ցուցարարները, որոնք հիմնականում այս քաղաքի երիտասարդներն են, պահանջում են, որ պատժվեն ոստիկանական այն ուժերը, որոնք բռնություններ են կիրառել ընդդեմ խաղաղ ցուցարարների, ենթարկել ծեծի, մի քանի երիտասարդների սպանել:

Հիմա ցուցարարները բաժանված են երկու խմբերի, որոնցից մեկը կողմ է խաղաղ ցույցեր անցկացնելուն, մյուսը գտնում է, որ ոստիկանական բռնություններին հարկավոր է պատասխանել համարժեք բռնություններով:

Հոնկոնգի փողոցներում շարունակվում են ցույցերն ու հրկիզումները, փողոցներում հոսում են ջրցան մեքենաների ջրերը, օդում` տարածվում արցունաբեր նյութերի հոտը:

XS
SM
MD
LG