Մատչելի հղումներ

Արտակարգ իրադրություն` Կալիֆորնիայում


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հայտարարված է արտակարգ իրադրություն: Այս մասին որոշում նահանգապետ Գեվին Նյուսոմը կայացրել է շարունակվող հրդեհների եւ էլեկտրասնուցման անջատումների պատճառով:

‘’Մենք ամեն ինչ անելու են մարդկանց ապահովության համար: Հոգալու ենք տարհանվածների բոլոր հոգսերը, խնամք ենք ապահովելու երեխաների համար’’, ասել է նահանգապետը:
Նահանգի տարբեր հատվածներից ավելի քան 180 հազար մարդ է տարհանվել, նրանց մեծամասնությունը` Սան Ֆրանցիսկոյին հարող Սոնոմայի մարզից: Իշխանությունները հույս են հայտնում, որ մինչեւ երկուշաբթի օրը երեկոյան աննախադեպ արագությամբ փչող քամիները, որոնց արդյունքում արագությամբ տարածվում է հրդեհը, կհանդարտվեն: Այս պահին կրակը մարելու աշխատանքներին է լծված մոտ երեք հազար հրշեջ:

Հրշեջ ծառայությունների տվյալներով, Քինքեյդ անվանումը ստացած հրդեհի 10 տոկոսը հաջողվել է մարել, սակայն ավելի ուշ հրդեհը տարածվել է` այրելով 22 հազար հեկտար տարածք: Ոչնչացել է մոտ հարյուր կառույց, այրվել են զբոսաշրջիկների հայտնի վայրեր համարվող խաղողի այգիներ:

Հարավային Կալիֆորնիայում ավելի փոքր հրդեհը, որը տարածվել էր Սանտա Կլարիտա քաղաքի մոտակայքում, ավելի վերահսկելի է: Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհի 70 տոկոսը: Այստեղ այրվել է մեկ տասնյակից ավելի տուն:

Էլեկտրացանցերն անջատել են մոտ մեկ միլիոն տների հոսանքի սնուցումը: Որոշ ձեռնարկություններ բողոքում են սակայն, որ էլեկտրականության անջատումները իրենց հասցրել են տասնյակ հազարավոր դոլարների վնաս: Էլեկտրացանցերի ղեկավարությունը որոշել է անջատել հոսանքը, որպեսզի հրդեհներից այրվող էլեկտրասյուներն ընկնելով, չնպաստեն հրդեհների արագ տարածմանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի նահանգի իշխանությունները դատապարտել էին կայաններին անտառային հրդեհների տարածման համար, որոնց արդյունքում 85 մարդ էր զոհվել, ավերվել մի քանի քաղաք:

Նահանգապետ Նյուսոմն ասում է, թե նահանգային բյուջեից 75 միլիոն դոլար կհատկացվի, հոսանքի անջատումների պատճառով բնակիչներին ու ձեռնարկություններին հասցված վնասի դիմաց:

XS
SM
MD
LG