Մատչելի հղումներ

Նոր զարգացումներ իմպիչմենտի հարցի շուրջ


ԱՄՆ նախագահ Թրամփն ու իր կողմնակիցները Կոնգրեսում ձգտում են տապալել դեմոկրատների նախաձեռնությունը՝ նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ: Նախագահն այս նախաձեռնությունը որակում է վհուկների հերթական որս, իսկ իր կողմնակիցները՝ հակաժողովրդավարական նախաձեռնություն:

Պենսիլվանիա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը խոսեց իր վարչակացմի ձեռքբերումների մասին՝ մատնանշելով էներգետիկ քաղաքականությունն ու տնտեսական աճը։ Նախագահը կրկին անգամ քննադատեց դեմոկրատներին ու նրանց իմպիչմենտի նախաձեռնությունը:

Այս հայտարարությանը նախորդել էր հանրապետականների քաղաքական ակցիան ԱՄՆ Կոնգրեսում, երբ վերջիններս Ներկայացուցիչների պալատում ներխուժեցին Հետախուզության հարցերով հանձնաժողովի փակ տարածք, որտեղ ընթանում էին դռնփակ լսումներ իմպիչմենտի գործընթացի շրջանակում:

Ներխուժած օրենսդիրները չէին հանդիսանում այդ հանձնաժողովի անդամներ: Նրանք նշում էին, որ այս գործը չափազանց կարևոր է՝ փակ դռների հետոևում ընթանալու համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովը, որը գլխավորում է կոնգրեսական Ադամ Շիֆը, կարևոր դեր ունի իմպիչմենտի հետաքննության հարցում:

Այս ներխուժումը խափանեց գործընթացը մի քանի ժամով: Կարծիք կա, որ այսպիսով հանրապետականները ցանկանում էին շեղել ուշադրությունը նախօրեին Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Բիլ Թեյլորի վկայությունից, որտեղ վերջինս հաստատել էր գաղտնի աղբյուրի տեղեկությունը, որ Թրամփը ռազմական օգնության տրամադրումը կապել էր նրա քաղաքական հակառակորդի դեմ հետաքննություն սկսելու հարցի հետ:

Թեյլորի վկայությունն իր ազդեցությունն է թողել անգամ հանրապետական որոշ օրենսդիրների վրա, որի արդյուքում նախագահ Թրամփը թվիթերյան իր գրառումներից մեկում նշեց, որ իրեն չաջակցող հարնապետականներն ավելի վատն են, քան դեմոկրատները:

Իսկ այդ ընթացքում դաշնային դատարանը պարտադրել է ԱՄՆ պետքարտուղարությանը հրապարակել Ուկրաինայի վերաբերյալ նյութերը, ներառյալ այս հարցի շուրջ քննարկումները պետքարտուղար Պոմպեոյի ու նախագահ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի միջև:

Facebook Forum

XS
SM
MD
LG