Մատչելի հղումներ

Վարչակազմի ու Կոնգրեսի մոտեցումները տարբերվում են Սիրիայի հարցում


Նախագահ Թրամփը հայտարարել է Սիրիայում մշտական զինադադարի մասին և վերացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ ընդգծելով, որ Անկարան համաձայնվել է դադարեցնել իր հարձակումը քրդերի դեմ: Սակայն ԱՄՆ օրենսդիրները պահպանում են մտահոգություններն այս խնդրի շուրջ, հատկապես զորքերի դուրս բերման հարցում

Մոսկվան ու Անկարան հանգել են համաձայնության Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների հարցում, որի արդյունքում ռուսական զորքերը հայտնվեցին թուրք-սիրիական սահմանին ամերիկյան զորքերի հեռանալուց հետո:

Վաշինգտոնն իր հերթի հայտարարում է, որ մշտական համաձայնության է հասել Անկարայի հետ: Դրա մասին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ կարգադրել է ֆինանսների նախարարությանը դադարեցնել Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 14-ին սահմանված բոլոր պատժամիջոցները:

Նախագահը նաև հայտնել է, որ փոքր զորամիավորում կմնա Սիրիայում՝ այստեղ նավթային պաշարները Դաեշ-ից պաշտպանելու համար:

Զորքերի դուրս բերման մասին Թրամփի որոշումը, սակայն, խորը մտահոգությունների առիթ դարձան ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրների շրջանում:

«Այս որոշումը հարված էր մեր ազգային անվտանգությանը: Նախագահ Թրամփը նվեր մատուցեց մեր թշնամիներին՝ Դաեշ-ին, Ռուսաստանին ու Իրանին»,- հայտարարել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էլիոտ Էնգելը:

Որոշ օրենսդիրներ հույս ունեն, որ ԱՄՆ ինչ-որ չափով կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում:

«Ես անհանգստացած եմ, քանի որ ամբողջական դուրս բերումը կարող է հնարավորություն տալ Դաեշ-ին վերախմբավորվել, աճել ու ուժեղանալ»,- ասում է կոնգրեսական Մայքլ Մաքքոլը:

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ եթե Թուրքիան չպահպանի զինադադարը, նախագահ Թրամփը կրկին կսահմանի պատժամիջոցներ: Վերլուծաբանների կարծիքով Կոնգրեսի լծակներն այս հարցում Սպիտակ տան նկատմամբ սահմանափակ են: Այն կարող է սահմանափակել միջոցների տրամադրումը, որով կդադարեցվի ռազմական օգնությունը Թուրքիային և որոշակի օժանդակություն կտրամադրվեր քրդերին, սակայն դրան հասնելը չափազանց բարդ գործընթաց է:

Facebook Forum

XS
SM
MD
LG