Ամերիկյան զրահատեխնիկայի շարասյանը երկուշաբթի օրը հարվածում էին կարտոֆիլներով, երբ շարասյունն ամերիկյան զրահատեխնիկան դուրս էր բերումՍիրիայից: Մինչեւ Իրաքի սահման հասնելն ամերիկյան ուժերն արժանանում էին քրդերի հայհոյանքներին: Վերջիններս ամերիկացիներին այլեւս ‘’ստախոս’’ են անվանում:
ԱՄՆ-ի նախագահը շարունակում է պաշտպանել Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու իր որոշումը:
‘’Մենք լավ հարաբերություններ ունենք քրդերի հետ: Նրանց հետ միասին կռվել ենք երեք ու կես տարի, բայց երբեք չենք որոշել նրանց պաշտպանել իրենց ողջ կյանքի ընթացքում’’, ասել է Թրամփը:
Դեմոկրատ կոնգրեսականներն ու հանրապետականների մի հատված դատապարտում է ԱՄՆ-ի դաշնակից քրդերին թուրքերին զոհաբերելու քայլի համար:
Իսկ վերլուծաբաններն ասում են, թե Սիրիայից շատ անսպասելի կերպով դուրս գալու փաստով Ամերիկան կորցնում է իր նկատմամբ վստահությունը: Նրանցից Բրայըն Քաթուլիսն ասում է, թե ԱՄՆ-ի այս գործողություններին են ուշի ուշով հետեւում Սաուդյան Արաբիայից մինչեւ Իսրայել ու Հորդանան, որոնք նույնպես Դաեշ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում հայտնվել են առաջնային դիրքերում: ‘’Ու սա նրանց համար կարող է լինել դաս, որոնք կարող են մի օր ասել, թե Ամերիկան այն երկիրը չէ, որին կարելի է վստահել’’, ասում է վերլուծաբանը:
Այլ վերլուծաբանների էլ ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ Ամերիկայի հետքաշումից հետո շահում է Ռուսաստանը:
Բուլենթ Ալիռիզայի խոսքերով, եթե իր զորքերը հետքաշելով, Ամերիկան թուլացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում, ակնհայտորեն մեկ ուրիշ ուժ պիտի գա դրա տեղը լրացնելու համար: Այս դեպքում դա Ռուսաստանն է, որը Պուտինի օրոք վերակենդանացնում է Մերձավոր Արեւելքում իր նախկին քաղաքականությունը:
Սոչիում Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջեւ երեքշաբթի օրվա հանդիպումից վերլուծաբան Քաթուլիսին հետաքրքրում է այն հանգամանքը, թե արդյոք Պուտինը կփորձի ինչ որ կերպ զսպել Թուրքիային, թե ոչ:
Թուրքիան ու Ռուսաստանը սակայն ունեն իրենց հետաքրքրությունները: Հիշենք վերջին ամիսներին նրանց միջեւ սերտ համագործակցությունը, երբ Թուրքիան, անտեսելով Վաշինգտոնի զայրույթն ու պատժամիջոցների սպառնալիքը, S-400 մակնիշի հրթիռային համակարգ էր գնում Ռուսաստանից: