Մատչելի հղումներ

Սիրիայում տեղ-տեղ շարունակվում են մարտերը, Վաշինգտոնում`քննադատում Թրամփի որոշումը


Սիրիայի հյուսիսից հետքաշված ամերիկյան ուժերի դիրքերն այս օրերին գրավում են Սիրիայի կառավարական զորքերը, թույլ չտալու համար թուրքական զորքերի առաջխաղացում դեպի այստեղ:
Քրդական ուժերի պաշտոնատար անձինք ասում են, թե չնայած ռազմական գործողությունները հինգ օրով դադարեցնելու մասին Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ ձեռքբերված համաձայնությանը, թուրքական կողմը շարունակում է ջարդերն այստեղ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նույնպես ասել է, թե տեղեկություններ ունի այն մասին, որ ‘’տեղ-տեղ’’ ընթանում են մարտեր, հիմնականում` ‘’թեթեւ ընդհարումներ’’:

Զինադադարը, որի ժամկետը լրանում է երեքշաբթի ուշ երեկոյան, քրդերին տալիս է թուրք-սիրիական սահմանի բուֆերային գոտուց իրենց ուժերը դուրս բերելու համար ժամանակ:
Իսկ այստեղից ամերիկյան ուժերը դուրս բերելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը շարունակում է մնալ դեմոկրատների ու մեծաթիվ հանրապետականների քննադատությունների ներքո:

Նույնիսկ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միթչ ՄաքՔոնելն է դատապարտել այս որոշումը:

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի խոսքերով էլ, զորքերի դուրսբերումն ավելի է մեծացնում Սիրիայում Ռուսաստանի ազդեցության լծակները: Նրա խոսքերով, այսպիսով Ռուսաստանը ստանում է Սիրիայի ապագայի մասին իր խոսքն ասելու ավելի մեծ հնարավորություններ:
Մյուս խնդիրն այստեղ քրդական ուժերի վերահսկողության տակ պահվող Դաեշ ծայրահեղական խմբավորման 10 հազար գերիների հարցն է:
‘’Իսլամական պետությունը մեր լիակատար վերահսկողության տակ է: Իր կողմից էլհսկողություն է իրականացնում Թուրքիան: Նրանք ամեն ինչ հետեւում են’’, ասել է Թրամփը:

Չնայած Թրամփն ասում է, թե գերիները գտնվում են ուժեղ վերահսկողության ներքո, ստացվում են այստեղից նրանց փախուստի ու ազատ արձակման մասին տեղեկություններ:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն անցյալ շաբաթ ընդունեց բանաձեւ, որը դատապարտում է Սիրայից ամերիկյան ուժերը դուրս բերելու Թրամփի որոշումը, բանաձեւ, որին միացան նաեւ պալատի 129 հանրապետականներ: Սակայն Թրամփի այս որոշումը բեկանել հնարավոր չէ, քանի որ Սենատում հանրապետականները կասեցրել էին Ներկայացուցիչների տան բանաձեւը, իսկ բանաձեւն էլ ինքնին կրում է զուտ խորհրդանշական բնույթ:

XS
SM
MD
LG