Ամերիկյան ուժերը Սիրիայից երկուշաբթի օրն անցել են դեպի Իրաք: Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսից ամերիկյան ուժերի հետքաշումից հետո Թուրքիայի զորքերը սկսեցին ռազմական գործողություններ ընդդեմ այս տարածքներում գտնվող քրդական ուժերի:
‘’Ռոյթըրզ’’ լրատվական գործակալության լուսանկարիչներից մեկը հաշվել է հարյուրից ավելի բեռնատար ավտոմեքենաներ, որոնք անցել են սահմանը Սիրիայի հյուսիսարեւելքից: Այստեղ էր Թուրքիան ԱՄՆ-ի հետ անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնվել հինգ օրով դադարեցնել մարտերը: Հնգօրյա զինադադարն ավարտվում է երեքշաբթի ուշ երեկոյան:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարք Էսփերն էր շաբաթ օրն ասել, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան մոտ հազար թվակազմով ուժերը տեղափոխվելու են դեպի Իրաքի արեւմտյան հատվածներ` այստեղ շարունակելու համար պայքարն ընդդեմ Իսլամական պետություն կամ Դաեշ ծայրահեղական խմբավորման:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, թե զինադադարի ժամկետն ավարտվելուց հետո Անկարան կվերսկսի ռազմական գործողությունները Սիրիայում, եթե քրդական ուժերի կողմից ղեկավարվող Սիրիայի ժողովրդավարական ուժերը հետ չքաշվեն սահմանի երկյանքով Թուրքիայի նշած ‘’անվտանգության գոտուց’’:
Էրդողանը կրկնել է, թե զինադադարի 120 ժամը լրանալուց հետո Թուրքիան կձեռնարկի ‘’անհրաժեշտ քայլեր’’ Սիրիայի հյուսիսարեւելքում: Նա ասել է, թե այդ գործողությունները կվերսկսվեն Ռուսաստանի նախագահի հետ երեքշաբթի օրը Սոչիում անցկացվելիք բանակցություններից հետո:
Անցած հինգշաբթի օրը Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ ձեռք էր բերվել Սիրիայի հյուսիսարեւելքում հնգօրյա զինադադար հաստատելու շուրջ համաձայնություն, թույլ տալու համար, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերին պատկանող խմբավորումները հետ քաշվեն Թուրքիայի նշած ‘’անվտանգության գոտուց’’: