Մատչելի հղումներ

Դեմոկրատները պատրաստվում են զարկ տալ Թրամփին անվստահության քվե հայտնելու գործընթացին


ԱՄՆ-ի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու հարցով հետաքննությունը նոր թափ է առնում, երբ երկշաբաթյա հանգստից հետո Վաշինգտոն են վերադառնում կոնգրեսականները։ Անցած շաբաթվա ընթացքում Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձինք վկայություններով էին հանդես գալիս փակ դռների հետեւում, իսկ դեմոկրատ օրենսդիրները շարունակում են գործը կառուցելու աշխատանքները։

Օտար երկրի իշխանություններին ԱՄՆ-ի 2Օ2Օ թվականի նախագահական ընտրությունների մեջ ներքաշելու հարցով սկսված իմփիչմենթի գործընթացը շարունակվում է Կապիտոլիումում։ Դեմոկրատ կոնգրեսականները դեռեւս ունեն իրականացնելու բավականին մեծ աշխատանք այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մի պաշտոնյա էր բողոք ներկայացրել Կոնգրեսին այն մասին, որ հուլիս ամսին Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Զելենսկիի միջեւ անցկացված հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը խնդրել էր իր մրցակից Ջո Բայդընին վնասելու ունակ փաստեր տրամադրել՝ մինչ այդ կասեցնելով Ուկրաինային հատկացվելիք օժանդակությունը։ Դա հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին տալիս է հավելյալ տվյալներ ստանալու խնդրանքով դատարան դիմելու հնարավորություն։ Իսկ Թրամփի այն հայտարարությունը, թե ինքը չի համագործակցի, քանի դեռ դեմոկրատները չեն հրավիրել Կոնգրեսի լիագումար նիստ, Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսիին թույլ է տալիս ասել, թե դա Կոնգրեսի աշխատանքները խափանելու խաղ է։ ՝՝Մենք այստեղ ենք՝ ճշմարտությունը գտնելու եւ Սահամանդրությունը պաշտպանելու համար՛՛, ասում է նա։


՝՝Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, պետք է կարդաք հեռախոսազրույցի սղագրությունը՛՛, ասում է Թրամփը ու ավելացնում, թե դեմոկրատներն անհույս վիճակում են, քանի որ գիտեն, որ ընտրություններում չեն հաղթելու։
Ներկայացուցիչների տանը հանրապետական փոքրամասնության ղեկավար Քեւին ՄաքՔարթին էլ ավելացնում է, ասելով, թե նախագահը իմփիչմենթի ենթարկվելու համար որեւէ սխալ չի գործել։ ՝՝Ու եթե Փելոսին սպասեր 48 ժամ սղագրությունը ստանալու համար, Ամերիկային այս կացության մեջ չէինք դնի՛՛, ասում է նա։
Հիմա դեմոկրատներն աշխատում են, որ իմփիչմենթի շուրջ քվեարկություն անցկացվի այս տարեվերջին, այսինքն մինչեւ փետրվար ամսին պաշտոնապես կսկսվեն 2Օ2Օ թվականի նախագահական ընտրությունները։

Իսկ այս պահին դեմոկրատների համար ամենակարեւորը փատեր ստանալն է այն մասին, թե էլեկտրոնային հաղորդագրությունների ինչպիսի փոխանակություն է տեղի ունեցել Թրամփի օգնականների, այդ թվում Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդի միջեւ։ Վերջինս Ներկայացուցիչների պալատում օրենսդիրների հարցերին է պատասխանելու հինգշաբթի օրը։ Ըստ որոշ հաղորդագրությունների, նա է Ուկրաինայի նախագահին տվել խորհուրդ այն մասին, թե ինչպես է հարկավոր բավարարել հուլիսի 25-ի հեռախոսազրույցում Թրամփի ներկայացրած պահանջը։

XS
SM
MD
LG