Մատչելի հղումներ

Սիրիայի կառավարական ու քրդական ուժերը միասին կհակազդեն թուրքական ներխուժմանը


Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Անկարայի դեմ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով, որոնք սկիզբ առան նախագահ Թրամփի՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումից հետո: Քրդերն իրենց հերթին համաձայնության են հանգել Ասադի հետ:

Թուրքիան շարունակում է իր ռազմական գործողությունները հյուսիսային Սիրիայի տարածքում ընդդեմ քրդական ստորաբաժանումների: Անկարան հայտարաում է, որ դրանց նպատակն է անվտանգության գոտու ստեղծումը իր հարավային սահմաններին և քրդական զորամիավորումների հեռացումն այս շրջաններից: Անկարան դիտարկում է վերջիններիս որպես ահաբեկչական խմբավորումներ:

ԱՄՆ արձագանքել է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքով: Թրամփի վարչակազմը նախատեսում է դրանց կիրառումը մոտ օրերին:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի լիարժեք ադամ է և մեր դաշնակիցը, որն այժմ ռազմական գործողություններ է իրականացնում սահմանին քրդերի դեմ: Վերջիններս մեզ օգնել են Դաեշ-ի դեմ պայքարում: Այս իրավիճակը շատ բարդ է, և մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել դրան»,- ասում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Անցած շաբաթ նախագահ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքերը Սիրիայից դորս բերելու մասին, որը Անկարան դիտարկում է որպես կանաչ լույս իր ռազմական ներխուժման համար:

Թրամփի այս որոշումը ոմանց կողմից դիտարկվում է որպես դավաճանություն քրդերի հանդեպ և քաոսի հրահրում: ԱՄՆ կոնգրեսականները երկու կուսակցություններից հանդես են գալիս պատժամիջոցների սեփական առաջարկներով:

Իր հերթին պաշտպանության նախարար Մարք Էսփերը հայտարարեց, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիա կարող է հանգեցնել Դաեշ-ի աշխուժացմանը: Օրերս տեղեկություն է տարածվել, որ հարյուրավոր Դաեշ-ի աջակիցներ հայտնվել են ազատության մեջ Թուրքիայի գործողությունների արդյունքում: Նախագահ Թրամփն այս հարցում պատասխանատվությունը բարդում է քրդերի վրա:

Հայտնի է նաև , որ Սիրիայի կառավարական ուժերը շտապում են դեպի երկրի հյուսիսային շրջաններ, քանի որ քրդական ուժերը համաձայնության են հասել Դամասկոսի հետ: Վերջինս համաձայնվել է աջակցել քրդերին թուրքական զորքերին հակազդելու հարցում: Ըստ վերլուծաբանների, Մոսկվան ուշադրությամբ կշարունակի հետևել այս զարգացումներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG