Ամենաերկար ազատազրմկան դատավճիռը ստացել է շրջանի նախկին փոխնախագահ Օրիոլ Յունքվայերեսը: Նրան մեղադրում են հանրային միջոցների վատնման մեջ:
Մեղադրյալներից երեքը մեղավոր են ճանաչվել օրինական պահանջը չկատարելու մեջ, սակայն դատապարտվել են պայմանական և խուսափել ազատազրկումից:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը երկուշաբթի օրվա դատարանի որոշումը բնութագրել է որպես «վայրագություն»: Իր թվիթերյան գրառման մեջ նա կոչ է արել արձագանքել այս որոշումներին հանուն ժողովրդավարության, Կատալոնիայի և համայն Եվրոպայի:
Պուչդեմոնը մեղադրյալների շարքում չէ, քանի որ անկախության հանրաքվեից ու հռչակումից հետո հեռացել է Բելգիա՝ խուսափելով Իսպանիայի իրավապահ մարմինների գործողություններից։
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը իր հերթին հայտարարել է, որ դատական այս որոշումը վերահաստատել է անջատողական շարժման պարտությունը, որը չի կարողացել ստանալ ներքին և արտաքին աջակցություն: Սանչեսը կոչ է արել Կատալոնիայի գործող իշխանություններին երկխոսություն սկսել Կատալոնիայի բոլոր հասարակական խմբերի մասնակցությամբ օրենքի և Իսպանիայի Սահմանադրության շրջանակներում:
Դատական որոշման հրապարակումից հետո Բարսելոնում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել բողոքի ցույցի:
Նրանք փակել են երեք հիմնական փողոցները, ինչպես նաև մուտքը դեպի գլխավոր մայրուղի, օդանավակայան և մետրո: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել կատալոնացի դատապարտված առաջնորդներին՝ դատարանի որոշումները որակելով «ամբողջովին անարդար»:
Facebook Forum