Վերջին տարիներին Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում կարևոր դեր էին ստանձնել Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը: Այս երկրների ղեկավարները մի շարք հանդիպումներ են անցկացրել այս ձևաչափով՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:
Այս օրերին ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանն իրենց դիրքորոշումներն են հայտնել Թուրքիայի կողմից հյուսիսային Սիրիայում սկսված ռազմական գործողությունների առիթով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած մի շարք վերապահումներին, աջակցել է Անկարայի գործողությունները: Ռուսաստանը անվերապահորեն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և հույս հայտնում, որ Թուրքիայի գործողությունները չեն հարվածի Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել այս շաբաթվա սկզբին նախքան թուրքական գործողության մեկնարկը: Ըստ հաղորդած տեղեկատվության, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հավաստիացրել է, որ գործողությունը կնպաստի Սիրիայում կայունության և խաղաղության հաստատմանը և ճանապարհ կհարթի դեպի հակամարտության քաղաքական կարգավորում, որին աջակցում է Կրեմլը: Թուրքիայի նախագահի խոսնակ Ֆահրեդին Ալթունը The Washington Post-ի հրապարակման միջոցով հայտնել է, որ Անկարան չունի որևէ այլ նպատակ հյուսիսային Սիրիայում, բացի Թուրքիայի քաղաքացիների ավտանգության երկարատև սպառնալիքի չեզոքացումը:
Իր հերթին ՌԴ նախագահ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ճանաչում է Թուրքիայի իրավունքը սեփական անվտանգության պահովման հարցում, սակայն ներկայացրել է ռուսական կողմի վերապահումներն այս հարցում: Ըստ Պեսկովի, կարևոր է, որ գործողությունները չխափանեն հակամարտության կարգավորման գործընթացը: Կրեմլի խոսնակը նշել է Սիրիայի տարածաքային ամբողջականության վերականգման և պահպանման կարևորությունը՝ ակնարկելով, որ բոլոր օտարերկրյա ուժերը, որոնք անօրինական կերպով են գտնվում Սիրիայի տարածքում, պետք է հեռանան այստեղից, և այդ տարածքները պետք է անցնեն Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո:
Բացի այդ ռուսակայն կողմը տեղեկացրել է, որ կապ է պաշտպանում ինչպես թուրքական , այնպես էլ քրդական կողմերի հետ՝ իրավիճակը վերահսկելու համար: Ռուսաստանը շահագրգռված է, որ այս տարածքներն անցնեն Ասադի վերահսկողության ներքո, սակայն ունի մտավախություն, որ Անկարան կփորձի այստեղ ստեղծել կիսանկախ միավոր իր վերահսկողության ներքո՝ հաշվի առնելով Թուրքիայի ծրագիրն այս տարածքները սուննի ազգաբնակչությամբ բնակեցնելու հետ:
Իրանն իր հերթին կոչ է անում Թուրքիային ցուցաբերել զսպվածություն՝ զերծ մնալով ռազմական գործողություններից: Իրանի նախագահ Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայի քրդերը պետք է աջակցեն Սիրիայի կառավարությանը և կառավարական զորքերին: Հիշեցնենք, որ Իրանը ևս անվերապահորեն աջակցում է Բաշար Ասադի իշխանությանը և բազմիցս կոչ է արել Թուրքիային հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Այս հայտարարություններին զուգահեռ Իրանն այս օրերին անցկացնում է զորավարժություններ, որոնք նախօրոք չէին հայտարարվել: Զորավարժություններն անցնում են Թուրքիայի հետ սահմանային շրջաններում:
Facebook Forum