Մատչելի հղումներ

Թրամփը վստահ է, որ դեմոկրատներն ի զորու չեն իրեն հեռացնել պաշտոնից


Երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ոգեւորված շարունակում է նախագահ Թրամփին անվստահության քվե հայտնելու համար սկսած գործընթացը, ինքը՝ նախագահը գոհ է նախագահելու իր գործունեությամբ ու վստահ է, որ գործընթացը կկասեցվի Սենատում։
Հիշեցնենք, որ իմփիչմենթի գործընթաց սկսելու պատճառը կապված է Թրամփի քաղաքական մրցակից Ջո Բայդընի անվան հետ։ Դեմոկրատները պնդում են, որ Թրամփը նախագահի պաշտոնը կիրառել է անձնական նպատակներով, երբ դիմել է Ուկրաինայի նախագահին՝ խնդրելով հետաքննություն սկսել Ջո Բայդընի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի խոսքերով, սա իշխանության չարաշահում է, երբ Թրամփն արդարանում է՝ հայտարարելով, թե ինքը դա արել է ոչ թե հանուն իր շահերից բխող քաղաքականության, այլ՝ ընդդեմ Բայդընի կողմից իրականացված կոռուպցիայի։


Հանրապետական կոնգրեսականները պատրաստ են կասեցնել իմփիչմենթի գործընթացը։ Եթե Ներկայացուցիչների պալատում Թրամփը կարող է դառնալ անվստահության քվե ստացած ԱՄՆ-ի երրորդ նախագահը, ապա Սենատում նա կստանա իր կուսակիցների անհրաժեշտ աջակցությունը։
Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթը նախագահին պաշտոնից ազատելու գործընթացի միայն առաջին փուլն է։

՝՝Սակայն իրական դատավորը Սենատն է՛՛, ասում է վերլուծաբան Ուիլյամ Գալսթոնը, ում խոսքերով, այստեղ անհրաժեշտ է ձայների երկու երրորդը, որպեսզի նախագահն ազատվի իր պարտականություններից։ Մի բան, ինչը չի պատահել ԱՄՆ-ի պատմության ողջ ընթացքում։ Իսկ Սենատում հանրապետականներն ունեն մեծամասնություն։ Այնպես որ, դժվար թե առնվազն 2Օ հանրապետականներ էլ միանան դեմոկրատներին՝ երկու երրորդը կազմելու համար։

Ներկայացուցիչների պալատում անվստահության քվե ստացած վերջին նախագահը Բիլ Քլինթոնն էր։ Առաջին նախագահը, որը ենթարկվել էր իմփիչմենթի ու նորից մնացել նախագահի աթոռին, Աբրահամ Լինքոլնին հաջորդած նախագահ Էնդրու Ջոնսոնն էր՝ 1868 թվականին։

Ռիչարդ Նիքսոնը հրաժարական ներկայացրեց 1974-ին, քանի որ վստահ չէր, որ Սենատում կտանար երկու երրորդի աջակցությունը։

XS
SM
MD
LG