Մատչելի հղումներ

Նավալնիի հիմնադրամը որակվել է որպես «օտարերկրյա գործակալ»


Ռուսաստանի օրենսդրության համաձայն, այս կարգավիճակը կարող է ունենալ այն կազմակերպությունը, որը արտերկրից ֆինանսավորում է ստանում

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» որակեց որպես «օտարերկրյա գործակալ»:

Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն ասաց, որ հիմնադրամը ֆինանսավորվում է «բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից»՝ ընդգծելով, որ այն երբեք չի ստացել որևէ արտաքին ֆինանսավորում: Ժդանովը նախարարության այս քայլը որակում է որպես հերթական փորձ հիմնադրամի գործունեությունը խափանելու համար:

Ինքը ՝ Նավալնին, արդարադատության նախարարության գործողությունները անվանել է «անօրինական», որոնք իրականացվում են Ռուսաստանի նախագահի հրահանգով:

2012 թ-ին ընդունված օրենքի համաձայն Ռուսաստանի իշխանությունները կարող են արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին որակել «օտարերկրյա գործակալներ»: Այս որակավորումը բացասական իմաստ ունի Խորհրդային Միության ժամանակներից ի վեր: Օրենքը կտրուկ քննադատության է ենթարկվել արևմտյան երկրների կողմից:

Քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք ստացել են օտարերկրյա գործակալի կարգավիճակ, ընդգրկված են հատուկ գրանցամատյանում և պետք է հաշվետվություններ ներկայացնեն իրենց ֆինանսավորման աղբյուրների, նպատակների, ծախսերի և կառավարման կազմի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պարբերաբար պարտավոր են տրամադրել զեկույցներ իրենց գործունեության հետ կապված:

Facebook Forum

XS
SM
MD
LG