ԱՄՆ-ի վարչակազմը թույլ չի տվել, որ Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպանը մասնակցի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու հարցով Կոնգրեսի հարցաքննությանը։ Գորդոն Սոնդլենդը հրավիրված էր Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովների կողմից։ Նրա հետ հանդիպումն ու հարցուպատասխանը փակ դռների հետեւում պիտի անցկացվեր երեքշաբթի օրը։ Սակայն մինչ այդ Պետդեպարտամենտից նա ստացել է լսումներին չմասնակցելու առաջադրանք։
Դեմոկրատական մեծամասնություն կազմող Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներում Սոնդլենդին էին սպասում բազում հարցեր այն մասին, թե ինքն անձնապես ինչ դեր է խաղացել Թրամփի քաղաքական մրցակից Ջո Բայդընի հարցով Ուկրաինայում հետաքննություն խրախուսելու հարցում։
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականները փորձում են պարզել, թե արդյոք նախագահ Թրամփը չի կասեցրել Ուկրաինային հատկացվելիք 4ՕՕ միլիոն դոլարի օժանդակությունը, ստիպելու համար, որ այս երկրի նախագահը սկսի հետաքննություն Ջո Բայդընի հարցով, ում որդին՝ Հանթըր Բայդընը եղել է Ուկրաինայի էներգետիկ մի ընկերության խորհրդի կազմում։
Հուլիսի 25-ին նախագահ Թրամփն Ուկրաինայի իր պաշտոնակից Վոլոդիմիր Զելնենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս խնդրել էր ուշադրությամբ զննել նախկին փոխնախագահ Բայդընի գործունեությունը։ Հեռախոսազրույցի կապակցությամբ իր բողոքն էր ներկայացրել գաղտնի մի գործակալ, որը թույլ էր տվել Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին հայտարարել նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մտադրության մասին։
Գորդոն Սոնդլենդը Բրյուսելից Վաշինգտոն էր ժամանել Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի, հետախուզության ու վերահսկողության հանձնաժողովներում կոնգրեսականների հարցերին պատասխանելու համար։
Ըստ գաղտնի տեղեկությունը Կոնգրեսին հայտնած պաշտոնյայի, դեսպան Սոնդլենդը խորհուրդներ է տվել Ուկրաինայի ղեկավարությանն այն մասին, թե ինչ է հարկավոր անել նախագահ Թրամփի խնդրանքը կատարելու համար։
Կոնգրեսականներին հավանաբար շատ կհետաքրքրեր այն հարցի պատասխանը, թե նախագահի ընտրաշավին 1 միլիոն դոլար նվիրաբերած Սոնդլենդը, դառնալով Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպան, ինչու է մասնակցել մի պետության հետ դիվանագիտական զրույցներին, երբ այդ երկիրը նույնիսկ Եվրոպական միության անդամ էլ չէ։