Մատչելի հղումներ

ԱՄՆ վարչակազմը վերահաստատում է՝ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատում է իր որոշումը Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորեքերը դուրս բերելու մասին: Այս որոշման ընդդիմախոսները պնդում են, որ դա կհարվածի ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի դեմոկրատական ուժերին և բացասաբար կազդի Դաեշ-ի դեմ պայքարի վրա:

Սպիտակ տունը վերահաստատել է իր որոշումը ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ ռազմական ուժերը Դաեշ-ի խալիֆայության դեմ հաղթանակից հետո այլևս չպետք է մասնակցեն այնտեղ որևէ ռազմական գործողությունների:

Այս հայտարարությունից ժամեր անց քրդական Hawar լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը մեցադրում են Վաշինգտոնին ԱՄՆ-Թուրքիա համաձայնագրի իր պարտավորությունները չկատարելու մեջ:

Իր հերթին երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Ըստ Էրդողանի, նախագահ Թրամփը նշել է , որ ամերիկյան զորքերի դուրսբերումը արդեն ընթացքի մեջ է և կշարունակվի:

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ շուտով Թուրքիան գործողություններ կիրականացնի Հյուսիսային Սիրիայի խորքում, որը դժգոհություն է առաջ բերել Սիրիայի դեմոկրատական ուժերի շրջանում: Վերջիններս գտնում են, որ այս գործողությունները բացասաբար կազդեն Դաեշ-ի դեմ պայքարի վրա: Երկուշաբթի օրը սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան գրառման մեջ նախազգուշացրել է թուրքական կողմին, որ կդիմի կոշտ տնտեսական պատժամիջոցների, եթե թուրքական կողմը հարվածի քրդերին:

ՄԱԿ-ը ևս արձագանքում է այս զարգացումնբերին՝ ընդգծելով այս տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման կարևորությունը: Ըստ կառույցի՝ անհրաժեշտ է պատրաստ լինել ամեն տեսակի զարգացումների:

Սպիտակ տան հայտարարությունը դուրս բերման մասին դժգոհություններ է առաջացրել նաև Վաշինգտոնում: Նախկին հատուկ բանագնաց Բրետ ՄաքԳուրքը ընդգծել է, որ այսպիսով ամերիկյան կողմը ցուցադրում է իր անտեղեկացվածությունը տեղում ընթացող զարգացումների վերաբերյալ, իսկ ԱՄՆ ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նշել է, որ եթե մամուլի հաղորդումներն այս առիթով իրականություն են, ապա դա նման է աղետի: Ավելի ուշ սենատորը խոստացել է հանդես գալ Թուրքիային պատժամիջոցների ենթարկելու ու ՆԱՏՕ-ից հեռացնելու նախաձեռնությամբ քրդերի դեմ հարձակման դեպքում:

Հիշեցնենք, որ Թուրքիան դիտարկում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում գերիշխող դիրք զբաղեցնող Ժողովրդական պաշտպանության զորամիավորումները որպես Քրդական աշխատավորական կուսակցության մասնաճյուղ, որին Թուրքիան և ԱՄՆ ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Սակայն Վաշինգտոնը տարանջատում է Սիրիայում գործող քրդական զորամիավորումները քրդական ահաբեկչական կառույցներից ՝ դաշնակցելով նրանց հետ Դաեշ-ի դեմ պայքարում:

Թուրքիան հայտարարել է, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կշարունակի նույն քաղաքականությունը հետագայում ևս: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակն էլ իր հերթին ընդգծել է, որ Թուրքիայի յուրաքանչյուր ներխուժում Սիրիայի տարածք անկայունություն է հրահրում ողջ տարածաշրջանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG