Մատչելի հղումներ

Ըստ փաստաթղթերի` Զելինսկիին խոստացվել է հրավեր Վաշինգտոն ի պատասխան Բայդենի դեմ հետաքննության


Ուկրաինայի հետ կապված քաղաքական սկանդալը, որն անդրադարձել է իմպիչմենտի սպառնալիքով նախագահ Դոնալդ Թրամփի համար, ստանում է նոր զարգացումներ

The New York Times հաղոդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի երկու բարձրաստիճան դիվանագետներ՝ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդն ու Ուկրաինայի հարցով արդեն նախկին հատուկ բանագնաց Կուրտ Ուոլկերը նախապատրաստել էին հայտարարություն օգոստոս ամսին, որում ընդգծվում էր Ուկրաինայում հետաքննության սկսման փաստը նախագահի թեկնածու Ջո Բայդենի ներգրավվածությամբ գործի շուրջ:

Կուրտ Ուոլկերը ստիպված է եղել պատասխանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների հարցերին այն բանից հետո, երբ նրա անունը հանրայնացվել է գաղտնի աղբյուրի տեղեկության մեջ, ըստ որի՝ նախագահ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի նկատմամբ՝ Բայդենի և նրա որդու դեմ հետաքննություն նախաձեռնելու համար:

Ըստ թերթի՝ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին և Զելենսկիի օգնականը տեղյակ են եղել այս հայտարարության մասին: Դեռևս պարզ չէ, թե արդյոք այն տեսել է նախագահ Զելենսկին, թե ոչ: Պարզ չէ նաև, թե ով է խնդրել երկու դիվանագետներին գրել այդ հայտարարությունը:

Դեմոկրատների առաջ քաշած իմպիչմենտի մեղադրանքը պետք է ապացուցի, թե արդյոք Թրամփը սառեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը պայմանով, որ վերջինս հետաքննություն սկսի Բայդենների դեմ, որը պետք է նպաստեր Թրամփի վերընտրվելուն:

Կուրտ Ուոլկերի հրապարակած նամակագրությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին ասվել է, որ նա կհրավիրվի Վաշինգտոն, եթե վերջինս խոստանա աջակցություն Թրամփին Բայդենների հետաքննության հարցում: Հուլիսի 25-ի իր հաղորդագրության մեջ, ուղղված Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակին, Ուոլկերը ասել է, որ Սպիտակ տունը հաստատում է, որ եթե Զելենսկիին հաջողվի համուզել նախագահ Թրամփին, որ նա կիրականացնի Բայդենների հետ կապված գործի հետաքննությունը և կպարզի, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականին, ապա վերջինս կստանա Վաշինգտոն այցի հրավեր: Այդ նույն օրը կայացել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը:

Կիևն իր հերթին շարունակում է պնդել, որ որևէ ճնշում երկրի նախագահի նկատմամբ չի եղել: Նույնը պնդում են ուկրաինացի իրավապահները: Ուկրաինայի նորանշանակ գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան հայտարարել է, որ որևէ տեղեկություն չունի Ջո Բայդենի որդու կողմից օրենքի խախտման մասին և որևէ օտարերկրյա իրավաբան իր հետ այս հարցի առնչությամբ չի կապվել:

Նախագահ Թրամփն էլ շարունակում է կոշտ քննադատել իմպիչմենտի գործընթացը: Օրերս նա կոչ է արել Չինաստանին ևս հետաքննել նախագահի թեկնածու Ջո Բայդենի և նրա որդի Հանթերի գործունեությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG