Օրերս Ուկրաինայի ու Բելառուսի առաջնորդները հանդիպեցին Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում: Նախագահներն ընդգծեցին երկու երկրների միջև հարաբերությունների բարի դրացիական բնույթը: Բելառուսի առաջնորդ Լուկոշենկոն իր հերթին հավաստիացրեց Կիևին, որ Ուկրաինան երբեք խնդիրներ չի ունենա Բելառուսի սահմանին:
Բելառուսի նման դիրքորոշումը կարևոր է Ուկրաինայի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Կիևի բարդ հարաբերություններն ու Մինսկի սերտ կապերը Մոսկվայի հետ:
Նախագահ Զելենսկին դեռևս իր քարոզարշավի օրերին Դոնբասում պատերազմի դադարեցումը համարում էր օրակարգի՝ համար մեկ խնդիր:
«Շթայնմայերի բանաձեւ» անվան տակ հայտնի համաձայնագիրը, որը Ուկրաինայի իշխանությունները ստորագրել են ռուսամետ անջատողականների հետ, նախատեսում է խաղաղության հաստատում, հատուկ կարգավիճակ եւ ընտրություններ Դոնբասի որոշ շրջաններում:
2016-ին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանք Ուալթեր Շթայնմայերը, ով այսօր այդ երկրի նախագահն է, առաջարկել էր հակամարտության կարգավորման հետեւյալ տարբերակը՝ ընտրություններ Ուկրաինայի անջատողական շրջաններում Ուկրաինայի օրենսդրության շրջանակներում եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, որոնց ազատ ընթացքից հետո այդ շրջանները կստանան ինքնակառավարման կարգավիճակ, իսկ Ուկրաինային կվերադարձվի վերահսկողությունն իր արեւելյան սահմանի նկատմամբ:
Համաձայնագիրը բողոքի ալիք բարձրացրեց Ուկրաինայի գործող վարչակազմի դեմ: Նախագահ Զելենսկին այս առիթով հանդես եկավ ուղերձով՝ պաշտպանելով համաձայնությունը:
«Եկեք հասկանանք՝ ինչ է իրենից ներկայացնում այս բանաձևը: Արդյո՞ք ճանաչում է այն Ղրիմի բռնակցումն: Ո՛չ: Արդյո՞ք նախատեսում է, որ Դոնբասի ընտրությունները կանցկացվեն վաղը զենքի ճնշման ներքո: Ո՛չ »
Իր ուղերձում նա ընդգծել է, որ ընտրությունները կանցկացվեն ուկրաինական օրենսդրության համաձայն, որին պետք է հնարավորություն ստանան մասնակցելու ուկրաինական քաղաքական ուժերն ու ԶԼՄ-ները: Իրենց ընտրական իրավունքից պետք է օգտվեն նաև ներքին տեղահանվածները:
Հանդես գալով միասնության կոչով՝ Զելենսկին հայտարեց, որ երբեք չի հանձնի Ուկրաինան: Նա տեղեկացրեց, որ շուտով պատրաստվում է Դոնբասում պատերազմի դադարեցման հարցը քննարկել նորմանդական ֆորմատի ներքո Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի առաջնորդների հետ:
Facebook Forum