Մատչելի հղումներ

Մոսկվայում զանգվածային ձերբակալումներից հետո ԱՄՆ-ի սենատորները պահանջում են նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ


ԱՄՆ-ի 11 սենատոր, որոնք ներկայացնում են թե՛ Հանրապետական եւ թե՛ Դեմոկրատական կուսակցությունները, կոչ են արել Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանն ու Առեւտրի նախարարությանը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ ընդունել՝ Ռուսաստանում քաղաքական հետապնդումների եւ զանգվածային ձերբակալությունների ի պատասխան:

Իրենց նամակում, որը հասցեագրված է Սպիտակ տան վարչակազմի առանցքային անդամներ պետքարտուղար Մայք Փոմփեոյին եւ առեւտրի նախարար Սթիվ Մնուչինին, ազդեցիկ սենատորներ Բեն Քարդինը, Մարկո Ռուբիոն, Ջենի Շահինը, Ջոն Քորնինը եւ մյուսները, կոչ են անում ի պատասխան ավելի քան 200 քաղբանտարկյալի նկատմամբ Ռուսաստանում հետապնդումների, նոր պատժամիջոցներ մտցնել:

«Ռուսաստանում քաղբանտարկյալների թվում են խաղաղ ցուցարարներ, քաղհասարակության ակտիվիստներ, մարդու իրավունքները պաշտպանող իրավաբաններ, լրագրողներ, Ղրիմի թաթարներ, «անցանկալի» պիտակ ստացած քաղաքական կառույցների անդամներ, ինչպես նաեւ արգելված կրոնական խմբերի ներկայացուցիչներ», - նշված է նամակում: Քաղբանտարկյալների թվում նշվում են Ալեքսեյ Պիչուգինը, ում բանտարկել են 16 տարով «Յուկոսի գործով», եւ Կոնստանտին Կոտովը, ում ազատազրկել էին սեպտեմբերին՝ խաղաղ ցույցին մասնակցելու համար:

Թեեւ Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ արդեն գտնվում են ամերիկյան պատժամիջոցների տակ, «մյուսները, այդ թվում գլխավոր դատախազ Յուրի Չայկան, արդարադատության նախարար Անեքսանդր Կոնովալովը, Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Գեննադի Կորնիենկոն, դեռեւս պատժամիջոցների տակ չեն», ասված է նամակում:

Նամակը սենատորներն ուղարկել են ի պատասխան Մոսկվայում ընդդիմադիր խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցների զանգվածային ձերբակալությունների:

Facebook Forum

XS
SM
MD
LG