Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցի պատճառով առաջ եկած աղմուկից հետո նախագահը հինգշաբթի օրը վերադարձել է Վաշինգտոն ու դատապարտել Կոնգրեսի դեմոկրատներին ու սպառնացել պետական այն պաշտոնյաներին, որոնք օգնել են իր եւ իր պաշտոնակցի միջեւ հեռախոսազրույցի շուրջ աղմուկ բարձրացնելու համար:
Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովից մայրաքաղաք վերադարձավ այն նույն օրը, երբ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում վկայություններ էր տալիս Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուիրը: Լսումների ժամանակ նա պատասխանում էր այն հարցին, թե ինչու վարչակազմը ժամանակին չի ներկայացրել հեռախոսազրույցի մասին Կոնգրեսին հղված բողոքը:
Հիշեցնենք, որ աշխատակիցներից մեկը, ում անունը չի հրապարակվում, Կոնգրեսին բողոք էր ներկայացրել Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի կապակցությամբ, երբ Թրամփն իր պաշտոնակցին խնդրել էր նախկին փոխնախագահ Ջո Բայդընի ու նրա որդու մասին հայտնել տվյալներ, որոնք կվնասեին Բայդընի նախընտրական արշավին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը քննադատել է հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին եւ ասել, թե Շիֆը ‘’հորինում է պատմություններ’’ իր մասին: Նրա խոսքերով, Շիֆի կողմից սկսվել է մի նոր վհուկաորս:
Նախագահը կրկնել է, որ Զելենսկիի հետ իր զրույցը եղել է տեղին եւ որ տեղին են եղել նաեւ Բայդընին ու նրա որդուն կոռուպցիայի մեջ մեղադրելու իր հայտարարությունները:
Այս ընթացքում Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին շարունակում է առաջ տանել նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը, որի ժամանակ վկայություններով հանդես կգա նաեւ այն պաշտոնյան, որը ներկայացրել էր հեռախոսազրույցի կապակցությամբ իր բողոքը:
Բողոքում ասված է, որ Սպիտակ տունը փորձել է կոծկել տեղեկությունը եւ զրույցի սղագրությունը հանել է օտար երկրների հետ զրույցների ձայնագրության համակարգչից ու տեղափոխել գաղտնի տեղեկությունների համակարգ: