Մատչելի հղումներ

Մադուրոյի այցը Ռուսաստան քաղաքական ուղերձից բացի չուներ այլ նպատակ


Քաղաքական ծանր դրության մեջ հայտնված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոնայս շաբաթ այց է կատարել Ռուսաստան, ու հայրենիք է վերադարձել առանց խոշոր պայմանագրեր ստորագրելու եւ առանց հայտարարություններով հանդես գալու:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է աջակցությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կառավարությանը, երբ աշխարհի մեծաթիվ երկրներ այլեւս չեն ճանաչում նրա իշխանությունը: ‘’Դուք գիտեք, որ Ռուսաստանը մշտապես է ճանաչում լեգիտիմ բոլոր իշխանություններին’’, ասել է Պուտինը Մադուրոյին, երբ վերջինս այց էր կատարել Ռուսաստան:
Ռուսաստանը հսկայական ներդրումներ ունի Վենեսուելայում եւ Մադուրոն այս հանդիպման ժամանակ կոչ էր անում շարունակել ներդրումները: Նա մատնանշում է սննդարդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի ու մի շարք այլ ճյուղեր:

Սակայն ինչպես ռուս քաղաքական վերլուծաբաններն են ասում, Մադուրոյի այս այցի գլխավոր նպատակն աշխարհին ցույց տալն էր, որ Վենեսուելան շարունակում է կարեւորել Ռուսաստանի աջակցությունը: Տնտեսական հարցերն այնքան էլ կարեւոր չեն նրա համար, ասում են վերլուծաբանները:

‘’Հիմա շատ բարդ է Վենեսուելայում ներդրումներ իրականացնելը’’, ասում է վերլուծաբաններից Դմիտրի Ռոզենտալը: Նրա խոսքերով, դրա պատճառն այն է, որ Վենեսուելան այս պահին չի կարող երաշխավորել նոր ներդրումների անվտանգությունը: Բացի այդ, տնտեսական պատժամիջոցների պայմաններում, որոնք գործում են ընդդեմ Վենեսուելայի, շատ բարդ է ուժի մեջ դնել նոր պայմանագրեր:
Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերությունների այս ժամանակահատվածում, ինչպես վերլուծաբաններն են ասում, այցի գլխավոր նպատակը շատ պարզ էր:

‘’Մադուրոյի եւ նրա նախորդի կառավարությունները եղել են Ռուսաստանի քաղաքական կարեւոր դաշնակիցները: Նրանք երկուսն էլ աջակցել են Ռուսաստանին, վերջինիս համար միջազգային դժվար պայմաններում, ճանաչել են Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ինչպես նաեւ` Ռուսաստանի կողքին կանգնել Ղրիմի բռնակցման հարցում’’, ասում է Ռոզենտալը:
Այնպես որ, Մադուրոյի այցը չի թվում, թե որեւէ կերպ կնպաստի Վենեսուելայի տնտեսության զարգացմանը, ոչ էլ կբարելավի այս երկրի ժողովրդի կյանքի պայմանները: Մադուրոյի այցը պարզապես մեկ անգամ հիշեցնում է իր երկրում քաղաքական իր հակառակորդներին եւ ԱՄՆ-ին, որ ունի հզոր այնպիսի բարեկամ, ինչպես Ռուսաստանը:


XS
SM
MD
LG