Մեծաթիվ մարդիկ են այս օրերին հավաքվում Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ, հարգանքի տուրք մատուցելու համար երկրի նախկին նախագահ Ժաք Շիրակի հիշատակին, որը վախճանվեց հինգշաբթի օրը, երկարատեւ հիվանդությունից հետո: Որպես սգո նշան, կես կայմով իջեցվել են դրոշները, մարել աշտարակի լույսերը: Այս քաղաքըՇիրակը ղեկավարել է ավելի քան տասնութ տարի:
Հեռուստատեսային ուղերձի ժամանակ ներկա նախագահ Էմանուել Մակրոնը Շիրակին անվանել է ‘’մեծ ֆրանսիացի:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը նշել է, որ այժմ, երբ իրենք խոսում են կլիմայական խնդիրների մասին, պետք է հարգանքի տուրք մատուցվի Շիրակին նաեւ կլիմայական փոփոխության դեմ պայքարում նրա կողմից ցուցաբերված մեծ աշխատանքի համար: ‘’Շիրակին տարիներ առաջ հաջողվեց այս խնդիրը դնել միջազգային հարցերի օրակարգում’’, ասել է Գուտերեսը:
Հիշեցնենք, որ Շիրակը Եվրոպական միության կողմնակից էր, բայց դեմ էր, որ միությունը տարածվեր դեպի արեւելք: Սակայն Շիրակը պատմության մեջ է մտնում նախ եւ առաջ այն բանի համար, որ դարձավ առաջին առաջնորդը, որը Հրեական ողջակիզման մեջ ընդունեց նաեւ Ֆրանսիայի կատարած դերը: Շիրակն այն առաջնորդներից էր, որը հաստատուն կերպով հանդես եկավ ԱՄՆ-ի կողմից դեպի Իրաք ռազմական ներխուժման դեմ:
Կան Շիրակի կառավարման հատկապես վերջին տարիներից դժգոհ անձինք նաեւ, ովքեր բողոքում են, որ Շիրակը չիրականացրեց անհրաժեշտ բարեփոխումներ: Հիմնական բողոքը վերաբերում է թոշակային քաղաքականության ու օրենքների բարեփոխումներին:
Շիրակը պաշտոնը թողեց 2007 թվականին ռեկորդային ցածր վարկանիշով: Սակայն 2010 թվականի հարցումների համաձայն նա համարվեց Ֆրանսիայի ամենասիրված քաղաքական գործիչը:
Եվ այսօր նույնիսկ ամենասուր քննադատներն են Ժաք Շիրակի հիշատակը նշում մեծ հարգանքով :