Մատչելի հղումներ

Զելենսկին մտահոգված է Թրամփի հետ զրույցի հրապարակման փաստով, գոհ՝ Լավրովի հետ կարճատեւ հանդիպումից


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգված է այն հանգամանքով, որ իր ու ԱՄՆ-ի իր պաշտոնակցի միջեւ հեռախոսազրույցի սղագրությունը հրապարակելով, Սպիտակ տունը հրապարակալել է նաեւ իր խոսքից հատվածներ։ ՝՝Անկախ պետությունների ղեկավարների միջեւ խոսակցությունները ենթակա չեն հրապարակման, քանի որ կարող են լինել տարբեր աշխարհաքաղաքական խնդիրներ, ծրագրեր եւ այլն՛՛, ասել է նա։ Զելենսկին մեկ անգամ եւս կրկնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում իր նկատմամբ ԱՄՆ-ի նախագահը ճնշում չի գործադրել։

Իր հերթին Թրամփն ասել է, թե զրույցի սղագրությունը հրապարակվել է իր խնդրանքով։ ՝՝Սա բարեկամական զրույց է, սակայն այնքան է ուռճացվել, որ բոլորի մոտ այն տպավորությունն է ստեղծվել, թե սա հեռախոսազանգ է եղել դժոխքից՛՛, ասել է Թրամփը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորք կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զելենսկիի խոսքերով, Լավրովը մոտեցել է իրեն ու ասել, ՝՝Ես ուզում եմ հանդիպում ունենալ ձեզ հետ, եւ ուզում եմ ասել, որ մենք իրոք ուզում ենք ավարտել պատերազմը Դոնբասում՛՛։ Այնուհետեւ Զելենսկին պատմել է այն մասին, որ Լավրովն իրեն շնորհավորել է պատերազմի գերիներին փոխանակելու առիթով։ Հանդիպման ժամանակ Զելենսկին ասել է նաեւ, որ իրենք անում են այդ ուղղությամբ ամեն ինչ։ ՝՝Խոսքն Ուկրաինայի մասին է, իսկ այն մեր երկիրն է։ Ու եթե դուք պատրաստ են, ուրեմն եկեք ավարտենք պատերազմը։ Մեզ վերադարձրեք մեր տարածքները, փոխանակեք ժողովրդին՛՛, պատմել է Զելենսկին Լավրովի հետ իր կարճատեւ հանդիպման մասին։

XS
SM
MD
LG