Մատչելի հղումներ

Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացի ուղու վրա


ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Թրամփի եւ Զելենսկիի միջեւ հուլիսյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Թրամփը կոչ էր արել իր պաշտոնակցին հետաքննություն սկսել քաղաքական իր մրցակից Ջո Բայդընի նկատմամբ, դարձել է նախագահին անվստահության քվե հայտնելու գործըթաց սկսելու առիթ։

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունն արդեն պաշտպանում է նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու գործընթաց սկսելու առաջարկը։
Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Պրամիլա Ջայափալն է ասում, Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցի սղագրությունն արդեն ապացուցում է ժողովրդին, որ սա ազգային անվտանգության հարց է։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 6 հանձնաժողովներում արդեն սկսվել են հետաքննություն անցկացնելու աշխատանքներ, ինչից հետո իրենց եզրակացությունները կուղարկեն դատավիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերրի Նադլերին։ Վերջինս այնուհետեւ կարող է առաջարկել քվեարկություն անցկացնել լիագումար նիստում։
Մեկ այլ դեմոկրատ կոնգրեսական Ռո Խանան հույս ունի, որ գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ։ Նա հիշեցնում է գործընթացն արագացնելու մասին պալատի նախագահ Փելոսիի խոսքերը։
Իսկ մենք հիշեցնենք Փելոսիի հայտարարությունից հետո Թրամփի խոսքերն այն մասին, որ ՝՝Փելոսին խելքը կորցրել է՛՛։
՝՝Ինչպես ես եմ հասկանում ու մտահոգված, Փելոսին դժբախտաբար այլեւս Ներկայացուցիչների պալատի նախագահը չէ՛՛, ասել է Թրամփը։

Նախագահներ Թրամփի եւ Զելենսկիի միջեւ հեռախոսազրույցի սղագրության հրապարակումից հետո Կապիտոլիումը նորից բաժանվել է հստակ ու համառ երկու կողմերի՝ դեմոկրատների ու հանրապետականների միջեւ։

Օրինակ ինչպես հանրապետական Լինդզի Գրեհեմն է ասում, ՝՝Զելենսկիի հետ զրույցի ժամանակ նախագահ Թրամփը որեւէ խոսք էլ չի ասել այն մասին, որ հետաքննություն չսկսվեու դեպքում ԱՄՆ-ը կկասեցնի Ուկրաինային հատկացվելիք օգնութունը՛՛։ Այնպես որ, նման հեռախոսազրույցի համար որեուէ նախագահի իմփիչմենթի ենթարկելու մասին խոսելն անգամ ծիծաղելի է, ասել է նա։

Ադամ Շիֆը, որը Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահն է, ասում է, թե ՝՝Սղագրությունը ներկայացնում է այլ երկրի ղեկավարի հետ դասական ոճի մաֆիայի լեզվով խոսելու պատկեր՛՛։ Եվ դա այն ժամանակ, ասում է նա, երբ այդ երկրին չափազանց շատ է հարկավոր ամերիկյան աջակցությունը, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմը։

Իսկ այս հեռախոսազրույցի մասին տեղեկություններ հայտնած ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը հինգշաբթի օրն ասել է, որ Սպիտակ տունը թաքցրել է հեռախոսազրույցի կարեւոր մանրամասները։

Այնպես որ, այս պատմությունը դեռ շատ ջուր է քաշելու, չնայած այն հանգամանքին, որ իմփիչմենթի ենթարկելու ճանապարհին կանգնած է Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները։



XS
SM
MD
LG