Մատչելի հղումներ

Վաշինգտոնը սպառնացել է լքել Համընդհանուր փոստային միությունը


Համընդհանուր փոստային միությունը նախազգուշացնում է, որ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի այս կառույցի լքումը կհանգեցնի փոստային գլոբալ ծառայության խափանմանը և սպասարկման գների կտրուկ աճին: 

Թրամփի վարչակազմը սպառնացել է, որ կարող է լքել Համընդհանուր փոստային միությունը: Այս սպառնալիքը ԱՄՆ հնչեցրել է կառույցի արտահերթ համաժողովի ընթացքում: Վաշինգտոնին զայրացնում է այն փաստը, որ Չինաստանը որպես զարգացող երկիր, վճարում է ավելի ցածր գներ փոստային ծառայության դիմաց:

Կառույցի քարտուղար Բիշար Հուսեյնն ասել է, որ հավաքի նպատակն է ընդհանուր հայտարարի գալ և պահպանել ԱՄՆ-ի անդամակցությունը կառույցոմ, քանի որ ԱՄՆ շատ կարևոր դեր ունի գլոբալ փոստային կապերի ապահովման հարցում: Նա նախազգուշացնում է՝ ԱՄՆ-ի կողմից կառույցի լքելը կհանգեցնի փոստային գլոբալ ծառայության խափանմանը և սպասարկման գների կտրուկ աճին:

Այս պահին քննարկվում են երեք տարբերակներ: ԱՄՆ կողմ է դրանցից մեկին, որը թույլ կտա երկրներին սահմանել սեփական գներ փոստային ծառայության համար:

ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող ԱՄՆ-ի նախագահի օգնական Փիթեր Նավարոն համաձայն է, որ նման քայլը կարող է մի կարճ ժամանակ խառնաշփոթ առաջացնել փոստային ծառայության հարցում, սակայն դա, ըստ ամերիկացի պաշտոնյայի, բարեփոխման ամենակարճ և արդյունավետ ուղին է:

Համընդհանուր փոստային միության նախագահ Հուսեյնն իր հերթին կողմ է մեկ այլ տարբերակի, որը թույլ կտար երկրներին սեփական գներ սահմանել քայլ առ քայլ: Ըստ Հուսեյնի՝դա ավելի չափավոր տարբերակ է, զերծ՝ կտրուկ փոփոխություններից:

Նա ներկայացրեց ԱՄՆ-ի կառույցը լքելու հետևանքները, որոնցից ամենագլխավորն այն է, որ կառույցը լքած երկիրը չի կարող օգտագործել միության փոստային կոդն ու համակարգը: Արդյունքում, ԱՄՆ ստիպված է լինելու առանձին բանակցել 192 երկրների հետ՝ փոստային պայնագրեր կնքելու համար: Դրանից կտուժեն նախևառաջ սպառողները:

Facebook Forum

XS
SM
MD
LG