Մատչելի հղումներ

Թրամփի դեմ սկսվող իմփիչմենթի գործընթացը եւ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի նախնական սղագրությունը


ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի օրը հրապարակեց նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի տեքստը։ Հիշեցնենք, որ այս հեռախոսազրույցի պատճառով են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախատեսում անվստահության քվե հայտնել Թրամփին։ Ներկայացված տեքստի համաձայն, Թրամփն, այո, խնդրել է Զելենսկիին հետաքննություն սկսել, պարզելու համար, թե իրոք Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը չի փակել ուկրաինական այն ընկերության դեմ սկսված հետաքննությունը, որի համար աշխատել է իր որդին։ Դեմոկրատներն այժմ մեղադրում են Թրամփին Բայդընի ընտրվելու հնարավորություններն այս եղանակով վնասելու փորձերի մեջ։

Ըստ երկու նախագահների միջեւ հեռախոսազրույցի տեքստի, Թրամփը Զելելնսկիին ասել է. ՝՝Բայդընը ժամանակին շատ էր պարծենում, որ ինքը դադարեցրել է դատական հետապնդումը։ Հիմա շատերն են ուզում պարզաբանումներ այդ մասին։ Այնպես որ, ինչ էլ այդ ուղղությամբ դուք հիմա անեիք գլխավոր դատախազի հետ, մեծ օգնություն կլիներ՛՛։

Թրամփը հերքում է դեմոկրատների այն մեղադրանքները, որոնց համաձայն ինքը կասեցրել է Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի դեռ չի ստացել այնպիսի տեղեկություններ, որոնք կսեւացնեին դեմոկրատ թեկնածուին։

Իր նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կողմից արված հայտարարությունից մի քանի րոպե անց Թրամփը հանդես եկավ թվիթերյան մի քանի գրառումներով, որոնց համաձայն, ՝՝անտեսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս օրերին ընթացող կարեւոր իրադարձությունները, դեմոկրատները նորից սկսել վհուկաորս՛՛։ Իսկ մինչեւ հեռախոսազրույցի սղագրության հրապարակումը, Թրամփն ասել էր, թե ՝՝կտեսնեք, որ ի տարբերություն Ջո Բայդընի ու նրա որդու հետ կապված պատմությանը, այստեղ չկա ես քեզ, դու ինձ տարբերակը՛՛։

Հիշեցնենք, որ այս ամբողջ պատմությունը սկսվեց անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ տարածվեցին լուրեր այն մասին, որ ազգային անվտանգության գործակալություններից մեկի մի աշխատակից, ում անունը չի հրապարակվում, մտահոգություն է հայտնել Թրամփի վարչակազմում տեղի ունեցող գործողությունների, այդ թվում այս հեռախոսազրույցի կապակցությամբ։

2Օ16 թվականին Բայդընը մեկնել է Ուկրաինա ու սպառնացել սառեցնել այս երկրի համար նախատեսված միլիարդավոր դոլարների վարկը, քանի դեռ պայքար չի սկսվել ընդդեմ կոռուպցիայի ու աշխատանքից չի ազատվել գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը։ Ի դեպ, վերջինս է նախկինում հետաքննություն անցկացրել գազի այն ընկերության դեմ, որի խորհրդի անդամ է եղել Բայդընի որդին՝ Հանթըրը։ Սակայն հետաքննությունն արդեն մեկ տարի դադարեցված է եղել այն ժամանակ, երբ Բայդընը այցելել էր Ուկրաինա։ Հանթըրի խոսքերով ինքը չի եղել հետաքննության ուշադրության կենտրոնում։
՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցին ի պատասխան, Ուկրաինայի նախագահ Զելենսկին միայն ասել է, թե Ուկրաինան անկախ երկիր է։ ՝՝Հավատում եմ, որ նախագահ Թրամփի հետ մեր բանակցությունները կանցնեն ջերմ մթնոլորտում՛՛, ասել է նա։

Իսկ Կոնգրեսի զույգ պալատների անվտանգության հարցերով հանձնաժողովներում անվտանգության ծառայության այն աշխատակիցը, որը ներկայացրել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ կապված այս պատմությունը, կոնգրեսականների հարցերին կպատասխանի այս շաբաթավերջին։

XS
SM
MD
LG