Մատչելի հղումներ

Պակիստանը կփորձի մեղմել ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարվածությունը


Պակիստանը փորձում է օգնել մեղմելու համար ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ առկա լարվածությունը։ Այս մասին հայտնել է այդ երկրի վարչապետ Իմրան Խանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների հետ անցկացված երկկողմ հանդիպումներից մեկ օր հետո։
Նրա խոսքերով, ինքը հարցը քննարկել է նախագահ Դոնալդ Թրամփի ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխան Մոհամեդ բին Սալմանի հետ, որոնք իրեն խնդրել են խոսել Իրանի նախագահի հետ։ ՝՝Նախագահ Թրամփը խնդրել է ինձ պարզել, թե արդյոք հնարավոր է մեղմել իրադրությունը եւ թե արդյոք հնարավոր է խոսել Իրանի հետ մեկ այլ գործարքի մասին։ Այնպես որ, հիմա մենք փորձում ենք դա անել՝՝, ասել է Պակիստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Իրանին է մեղադրում Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների դեմ սեպտեմբերի 14-ին իրականացված հարձակումների մեջ։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասել են, թե կներկայացնեն այդ մեղադրանքն ապացուցող փաստեր։ Թեհրանը հերքում է հարձակումներն իր կողմից իրականացված լինելու մասին մեղադրանքները, հարձակումներ, որոնց պատասխանատվությունն իր վրա է վերցրել Եմենում Իրանի դաշնակից հութի ցեղի զինված մի խմբավորում։

Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի օրոք Միացյալ Նահանգերը միակողմանիորեն դուրս եկավ 2Օ15 թվականին Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից ու տնտեսական նոր պատժամիջոցներ դրեց ուժի մեջ ընդդեմ Թեհրանի։ Դրա արդյունքում Իրանն աստիճանաբար կրճատեց ուրանի հարստացման աշխատանքները սահմանափակելու մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։

Պակիստանի վարչապետը հույս է հայտնում, որ ԱՄՆ-Իրան լարվածությունը չի վերաճի հակամարտության։ Պակիստանը, որն Իրանի հետ ունի 9ՕՕ կիլոմետր ձգվող սահման, արդեն իսկ տնտեսական ու անվտանգության հարցերով դժվարություններ է կրում հարեւան Աֆղանստանի հետ տարիներ շարունակվող հակամարտության պատճառով։

XS
SM
MD
LG