Մատչելի հղումներ

Աշխարհը խոսում է համաշխարհային ջերմացման խնդրի մասին, սակայն գործնական քայլեր դեռեւս չկան


Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին միլիոնավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ պահանջելու, որ երկրների ղեկավարները դիմեն կտրուկ ու վճռական քայլերի ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ուղղությամբ։ Պահանջ, միայն որի իրականացման դեպքում հնարավոր կլինի կանգնեցնել երկրագնդի ջերմացման ընթացքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի խոսքերով, իր սերնդին չհաջողվեց ապահովել մեր մոլորակի խելամիտ պաշտպանությունը։ ՝՝Մեր անտառներն Ամազոնում այս պահին էլ այրվում են, տասնյակ հազարավոր հեկտար տարածքներ Ինդոնեզիայում հայտնվել են խիտ սմոգի ներքո՛՛, հայտարարում է միջազգային խոշորագույն կառույցի ղեկավարը։ Ամազոնում հրի ներքո հայտնված Մանաուսի քաղաքապետի խոսքերով էլ, եթե աշխարհի ղեկավարները խնդրին լուրջ չնայեն, երկրագունդը կարող է բնակվելու համար շուտով դառնալ ոչ պիտանի։ ՝՝Մենք չենք կարող ամեն անգամ ՝՝այո՛՛ ասել այն բոլոր գաղափարներին, որոնք պատկանում են Դոնալդ Թրամփին։ Թրամփը չի հասկանում, որ իր բռնած դիրքը վտանգավոր է մարդկության ապագայի համար՛՛, ասում է Անթուր Նեթոն։

Հիշեցնենք, որ Թրամփը շարունակաբար է հայտարարում, որ ջերմոցային գազերի կրճատման դեպքում մեծապես կտուժի ԱՄՆ-ի տնտեսությունը։ Նա նաեւ չի հավատում, որ գոյություն ունի համաշխարհային ջերմացում երեւույթը։ Թրամփի կառավարման ներքո Միացյալ Նահանգները դուրս եկավ Փարիզի կլիմայի հարցերով համաձայնագրից, որից հետո չեղարկեց մաքուր օդ ու մաքուր ջուր ապահովելու նպատակ ունեցող օրենքները։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկուշաբթի օրվա գլխավոր հանդիպումն էլ կլիմայի հարցով հրավիրված գագաթաժողովն էր, որին Թրամփը, ըստ նախատեսվածի, չպիտի մասնակցեր։ Սակայն ի զարմանս բոլորի, նա մոտ 15 րոպե ներկա գտնվեց այստեղ, սակայն ելույթով հանդես չեկավ։ Ու հարցին, թե ինչու էր մասնակցում, Թրամփը պատասխանեց. ՝՝Քանի որ ես հավատում եմ մաքուր ջրի ու մաքուր օդի կարեւորությանը։ Իսկ մենք ունենք ամենամաքուր օդը, մենք ունենք ամենամաքուր ջուրը, ավելի մաքուր, քան նախկինում որեւէ ժամանակ մեր երկրում՛՛, ասաց նա։

Մյուս կողմից մի շարք այլ երկրներ, որոնք մեծապես կախված են հանածո վառելանյութերից, ինչպես Հնդկաստանն, Ինդոնեզիան ու Չինաստանը, շարունակում են քարածխով աշխատող էլեկտրակայանների կառուցումը։

Թրամփի ժամանումից առաջ հանդես էր եկել կլիմայական հարցերով հայտնի ակտիվիս շվեդ Գրետա Թունբերգը, որը, բացելով գագաթաժողովը, աշխարհի առաջնորդներին ասաց. ՝՝Մենք սկսում ենք զանգվածային ոչնչացման գործընթաց, սակայն ափսոս, որ դուք խոսում եք դրամի մասին ու մեզ պատմում տնտեսական աճի մասին հեքիաթներ՛՛։

Համաշխարհային բնական պաշարների հարցերով հաստատության փորձագետ Դեյվիդ Վասկոուի խոսքերով, դեռեւս կա որոշ ժամանակ, որպեսզի աշխարհը կարողանա դիմել քայլերի։ ՝՝Սակայն այդ պատուհանը փակվում է՛՛, ասում է նա ու ավելացնում, որ նրանք պիտի արագացնեն իրենց գործողությունները, որպեսզի 2Օ5Օ թվականից արտանետումները լիովին վերացվեն։

Համաշխարհային ջերմացման դեմ պայքարող ակտիվիստները դեռեւս հույսեր են փայփայում, որ կկարողանան իրենց երկրների կառավարություններին համոզել կրճատելու ածխաթթու գազի արտանետման ծավալները եւ երդվում են, որ դրա համար իրենք պայքարելու են անդադար։

XS
SM
MD
LG