Մատչելի հղումներ

 
Եթե Իրանի հետ հարցերը դիվանագիտական եղանակով չլուծվեն, Թրամփը կներկայացնի իր ծրագիրը

Եթե Իրանի հետ հարցերը դիվանագիտական եղանակով չլուծվեն, Թրամփը կներկայացնի իր ծրագիրը


Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների դեմ իրականացված վերջին հարձակումները լարել են առանց այն էլ սուր հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ: Վաշինգտոնը հավատացած է, որ հարձակումներն իրականացվել են Իրանի տարածքից:

‘’Մենք մեծաթիվ առաջնորդների հետ ենք հանդիպումներ անցկացնում: Սակայն Իրանն այս պահին այդ ցանկում չէ’’, ասել է Թրամփը:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին, որը հերքում է հարձակումներն իր երկրի կողմից իրականացված լինելու մեղադրանքները, հայտարարում է, որ իրենք մի ծրագիր են ներկայացնելու ՄԱԿ-ին եկող մի քանի օրերի ընթացքում: Ռուհանիի խոսքերով, այն կարող է հարեւան երկրների մասնակցության դեպքում տարածաշջանի համար ապահովել անվտանգություն եւ ապահովություն: ‘’Այնտեղ, որտեղ եղել են ամերիկացիներն ու մեր մյուս թշնամիները, ոչնչացրել են անվտանգությունը: Օրինակներ են Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան կամ Պարսից ծոցը’’, հայտարարել է Իրանի նախագահը:

Նավթամշակման գործարանների դեմ իրականացված հարձակումներից հետո ԱՄՆ-ի նախագահը հայտնել է Սաուդյան Արաբիա ամերիկյան հավելյալ ուժեր ուղարկելու մտադրության մասին: Բացի այդ նոր պատժամիջոցներ է սկսել ընդդեմ Թեհրանի: Պատժամիջոցներ, որոնց իմաստը, ըստ Փոմփեոյի, լավ է ըմբռնում Իրանի ժողովուրդը: ‘’Նրանք լավ են հասկանում, որ իրենց ղեկավարներն իրենց տանում են սխալ ճանապարհով’’, ասել է պետքարտուղարը:

Իսկ ըստ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի, ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարված հարաբերությունները համաշխարհային մտահոգության առիթ է: ‘’Դիվանագիտական ու տնտեսական եղանակով հարցերի լուծումն այն է, ինչը ցանկանում է աշխարհը’’, ասում է նա ու հորդորում, որ Իրանը դադարեցնի հարձակումներ իրակականացնելու իր ռազմավարությունը:

Ահա նաեւ այս հարցերն ու խնդիրներն են քննարկվելու Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում:

XS
SM
MD
LG