Մատչելի հղումներ

Արդյ՞ք ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալության տնօրենը չի հայտնվի քաղաքական ճնշման ներքո


Պահպանողական հայացքներ ունեցող կինոֆիլմերի ռեժիսոր Մայքըլ Փեքի թեկնածությունը, որպես ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալության տնօրենի պաշտոնում, դրված էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը: Արդյո՞ք Թրամփի ներկայացրած թեկնածուն հաստատվելու դեպքում կարող է հայտնվել Թրամփի քաղաքական ճնշման ներքո:

Մայքըլ Փեքը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հինգշաբթի օրը հավաստիացնում էր, որ ԱՄՆ-ի Գլոբալ լրատվամիջոցների գործակալության ղեկավարի պաշտոնում հաստատվելու դեպքում ինքը կապահովի գործակալության լրագրողական անկախությունը: Հիշեցնենք, որ այս գործակալությունն է վերահսկում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի եւ ‘’Ազատություն’’ ռադիոկայանի աշխատանքները:

‘’Մենք պետք է ապահովենք պայմաններ, որ լրագրողները լինեն անկախ, որպեսզի քաղաքական որեւէ ազդեցություն չլինի նրանց հաղորդումների ու լրատվության վրա: Մենք հավատում ենք նրանց նվիրվածությանը ու առանց այդ վստահության, գործակալության գործունեությունը կդրվի հարցականի տակ’’, ասել է Փեքը:

Փեքը փաստավավերագրական կինոֆիլմերի ռեժիսոր է, որը ղեկավարել է Կալիֆորնիայից գործող’’Քլերմոնթ’’ պահպանողական հաստատությունը եւ հանդես եկել կինոֆիլմերի արտադրության բնագավառում լիբերալ ուղղվածության դեմ:

Տարեկան 628 միլիոն դոլարի բյուջեով ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալության ներքո են գործում ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող միջազգային լրատվական բոլոր կազմակերպությունները, որոնք բոլորը միասին իրենց հաղորդումներն են հեռարձակում աշխարհի 100 երկրներում: Հաղորդումներն աշխարհում ունեն 345 միլիոն ակնդիր եւ ունկնդիր:
‘’Ամերիկայի Ձայն’’-ը հեռարձակում է իր հաղորդումները 40 տարբեր լեզուներով, ‘’Ռադիո Մարթի’’-ն իր հեռուստատեսային ու ռադիոհաղորդումներն է ուղարկում Կուբա: Գործակալության ներքո են գործում արաբալեզու ‘’Ալհուրա’’-ն ու ‘’Սավա’’ ռադիոկայանը, ‘’Ազատություն’’ ռադիոկայանը եւ ‘’Ազատ Ասիա’’ ռադիոկայանը:


‘’Ամերիկայի Ձայն’’-ի հռչակագրում, որը որպես օրենք է ընդունվել 1976 թվականին, ասված է, որ բոլոր հաղորդումները հավատարիմ են մնում լրագրողական չափանիշներին, որ բոլոր հաղորդումների հիմքում դրված են լրատվության վստահելի աղբյուրներ:

Մայքըլ Փեքին հաստատելու հարցով Սենատի լսումների ժամանակ նրա թեկնածությունը հարցականի տակ դրեց սենատոր Բոբ Մենենդեսը` Փեքի եւ Ստիվ Բենոնի միջեւ առկա կապերի պատճառով: Հիշեցնենք, որ Բենոնը Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի գլխավոր ստրատեգն էր եւ եղել է ‘’Բրայբարթ Նյուզ’’-ի նախկին տնօրենը, լրատվամիջոց, որը համարվում է ազգայնականություն եւ պահպանողական արժեքներ տարածող միջոց: Մենենդեսը հարցրեց. ‘’Դուք ունե՞ք ‘’ոչ’’ ասելու համարձակություն’’:

‘’Կարծում եմ, այո: Ես նախկինում էլ ‘’ոչ’’ ասել եմ’’, պատասխանեց Փեքը:

Սակայն, եթե նույնիսկ լրագրության հետ կապված մտահոգությունները մեղմվեն, Փեքի նշանակումը կարող է դեռ հետաձգվել, քանի որ անցկացվելու են նրա ամբողջ կենսագրության ստուգումներ: Իսկ Սենատում այս երկար հերթի մեջ Փեքը դեռեւս վերջինն է:

XS
SM
MD
LG