Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպումից առաջ


Աշխարհի երկրների առաջնորդները պատրաստվում են Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Յուրաքանչյուր երկրի առաջնորդ վեր է հանելու իր երկրի առջեւ դրված խնդիրները, իսկ համաշխարհային առումով ուշադրության կենտրոնում են լինելու Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան ու համաշխարհային ջերմացումը:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թրամփ-Ռուհանի հանդիպման հնարավորությունն այժմ մեծ հարցականի տակ է դրվում Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների դեմ վերջերս իրականացված հարձակումների պատճառով, ինչի մեջ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, չնայած այն հանգամանքին, որ վերջինս կտրականապես հերքում է մեղադրանքները:

Ինչպես վերլուծաբան Ալեքս Վատանկան է ասում, եթե նույնիսկ հանդիպում լինի երկուսի միջեւ, Ռուհանին իր երկրում կարժանանա մեծ քննադատության, քանի որ նման հանդիպումից նա ոչինչ ստանալ չի կարող:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ուշադրության կենտրոնում Իրանից բացի կան շատ այլ հարցեր, որոնցից մեկը համաշխարհային ջերմացման խնդիրն է: Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեսն է ասել, ‘’Մենք կորցնելու ժամանակ չունենք: Այսօր մենք պարտություն ենք կրում կլիմայական փոփոխության դեմ պայքարում’’:
Հիմա մեծ հարց է, թե ինչ համաձայնության կգան այստեղ մոտ հարյուր երկրներ ներկայացնող առաջնորդները:


Մինչեւ վեհաժողովը սկսվելը, հարյուրավոր ակտիվիստներ են շաբաթ օրը հանդիպելու իրենց իսկ գագաթաժողովի շրջանակներում: Ելույթներով հանդես գալու երիտասարդների շարքում է Շվեդիայից առանց ածխաթթու գազ արտանետող նավակով դեպի ԱՄՆ նավարկած Գրետա Թունբերգը:


Իսկ երկրների առաջնորդներն իրենց խոսքն են սկսելու ուղղել Գլխավոր ասամբլեային երեքշաբթի օրը: Ամենամեծ ուշադրությունը սեւեռվելու է ԱՄՆ-ի նախագահի ելույթի վրա: Ինչպես վերլուծաբան Ռիչարդ Գոուանն է ասում, ինքը կարծում է, որ Թրամփը կկենտրոնանա Հյուսիսային Կորեայի հետ միջուկային դիվանագիտության բնագավառում արձանագրված առաջընթացի վրա: ‘’Թրամփը սիրում է իրեն ներկայացնել որպես խաղաղասեր գործիչ, սակայն ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, նրա քաղաքականությունն այստեղ կաղում է’’, ասում է վերլուծաբանը:


Միջազգային առումով մեծ ուշադրության են արժանի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Բրազիլիայի նախագահՋաիր Բոլսոնարոյի այս հարթակից նրանց առաջին ելույթները: Վերջինիս այսօր համարում են ‘Արեւադարձային աշխարհի Թրամփ’’:


Ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու որոշումից վերջին րոպեին հրաժարվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որի քաղաքական ապագան այս պահին դրված է մեծ հարցականի տակ անցած երեքշաբթի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների պատճառով, որի արդյունքում նրան չէր հաջողվել ստանալ կառավարություն կազմելու համար անհրաժեշտ թվով ձայներ:

XS
SM
MD
LG