Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուները մինչեւ չորրորդ բանավեճը շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ


Նյու Յորքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահական թեկնածու Էլիզաբեթ Ուորենը հայտարարում էր, որ ընտրվելու դեպքում պայքար է սկսելու ընդդեմ քաղաքական կոռուպցիայի։
՝՝Ես դրա համար ունեմ հստակ ծրագիր՛՛, իր ելույթում հավաստիացնում էր Ուորենը, որի վարկանիշը նկատելիորեն է աճել անցած մի քանի ամիսների ընթացքում՝ շարունակելով մոտենալ նախկին փոխնախագահ Ջո Բայդընին։ Վերջինս հայտարարում է, թե բոլորը, այդ թվում Թրամփի աջակիցները գիտեն, թե ով է Թրամփը։ ՝՝Սակայն մենք պիտի հիմա ցույց տանք, թե ովքեր ենք մենք՛՛, հայտարարում է Բայդընը։

Հեռուստատեսային երեք բանավեճերից հետո դեմոկրատ թեկնածուների շարքում առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերում են համապատասխանաբար ընթանում Բայդընը, Ուորենն ու Բերնի Սանդերսը։
Ինչպես վերլուծաբաններից Ջուլի Փեյսն է ասում, ճիշտ կլիներ հարցնել, արդյոք այս ընթացքում նրանք իրենց արշավում իրականացրե՞լ են որեւէ փոփոխություն։ Իր իսկ հարցին վերլուծաբանը պատասխանում է՝ ՝՝հավանաբար ոչ՛՛։
Մեկ այլ վերլուծաբան Լարրի Սաբաթոյի խոսքերով, Բայդընը պարզապես փորձում է պահպանել իր առաջնային տեղը։ ՝՝Չէի ասի, որ վերջին բանավեճի ժամանակ նա կատարյալ էր, սակայն նախորդ երկու բանավեճերի համեմատ շատ ավելի լավ էր՛՛, ասում է վերլուծաբանը։ Նրա խոսքերով, Բայդընը շահում է այն տեսակետի տարածումից, որ Թրամփին տապալելու ունակ ամենալավ թեկնածուն ինքն է։

Ինչ վերաբերում է երկրորդ տեղի համար պայքարող Ուորենին ու Սանդերսին, պետք է ասել, որ վերջին ամիսներին վարկանիշի ավելի արագ աճ է գրանցում Ուորենը եւ նրա ձայների թիվն, ըստ վերլուծաբան Անդրա Ջիլեսփիի, ավելանում է Սանդերսի հաշվին։

Դեմոկրատ թեկնածուների պայքարի հաջորդ կարեւոր հանգրվանը Օհայո նահանգն է, որտեղ չորրորդ բանավեճը կանցկացվի հաջորդ ամիս։

XS
SM
MD
LG