Մատչելի հղումներ

Ռուսաստան-Իրան համագործակցությունը Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո


Ռուսաստանցի փորձագետ Ռուսլան Պուխովը Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) իր ելույթում անդրադարձավ ՌԴ-Իրան հարաբերություններին ու դրանց ազդեցությանը տարբեր տարածշրջաններում, ներառյալ Կովկասում։

Ռուսաստանի ու Իրանի միջև հարաբերությունների սերտացումն անհնարին կլիներ առանց Սիրիայում քաղաքացիական պատերազմի, ասում է Ռուսաստանում գործող Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը, ում Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ելույթը նվիրված էր երկու տերությունների միջև հարաբերություններին:

Պատմականորեն բարդ հարաբերություններ ունեցող այս երկու պետություններն այսօր համագործակցում են միջազգային հարթակներում և մի շարք ոլորտներում, հատկապես անվտանգության, էներգետիկայի ու առևտրի: Այս համագործակցությանը զգալիորեն նպաստում է Վաշինգտոնի ճնշումներն ու սահմանված պատժամիջոցները:

«ԱՄՆ-ի ճնշումներն Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ, նպաստում են Ռուսաստան-Իրան հարաբերությունների սերտացմանը»,- նշում է փոսրձագետը:

Նա մատնանշեց միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում Մոսկվայի և Իրանի միջև համագործակցությունը՝ արտացոլված վերջիններիս քվերակություններում: Համագործակցության առաջնային ոլորտներից է ռազմականը, ի դեմս Մոսկվայի կողմից Թեհրանին մատակարարվող սպառազինության և տեխնոլոգիաների, ինչպես նաև Սիրիայում միասնական ռազմական գործողությունները:

«Սիրիական պատերազմով սկսվեց ռուս-իրանական իրական ռազմական համագործակցությունը: Այս ամառ կողմերը ստորագրեցին գաղտնի պայմանագիր: Չնայած գաղտնիությանը՝ դրա ստորագրման և աննախադեպ բնույթի մասին արտահոսք եղավ Իրանի կողմից»,- հայտնում է փորձագետը:

Մերձավոր Արևելքից զատ երկրները համագործակցում են այլ տարածաշրջաններում ևս, ներառյալ Հարավային Կովկասում: Այստեղ Թեհրանի ու Մոսկվայի համատեղ ջանքերով պահպանվում է կայունություն, գտնում է ռուս փորձագետը:

«Իրանը միշտ զգուշավոր է Կետրոնական Ասիայում և հատկապես Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի հարցում: Չեմ կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունում լինի նոր պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, զգաիորեն Իրանի ու Ռուսաստանի միասնական ջանքերի շնորհիվ»,- հայտարարում է Պուխովը:

Փորձագետը փաստում է, որ պատերազմը Ղարաբաղում հակասում է Մոսկվայի և Թեհրանի շահերին:

«Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված չեն պատերազմի վերսկսմամբ, ուստի կողմերին զերծ են պահում ակտիվ գործողություններից, անգամ սպառնալիքների միջոցով»,- ընդգծում է բանախոսը:

Վաշինգտոնը դժգոհ է Իրանի հետ Հայաստանի դրական հարաբերություններից, սակայն առաջնայինն այստեղ աշխարհագրությունն է, գտնում է Պուխովը: Երևանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Թեհրանի հետ Վաշինգտոնի հանդեպ հատուկ ուշադրության միջոցով, որը ստիպում է ԱՄՆ-ին մասամբ աչք փակել այս հարցի առումով:

Facebook Forum

XS
SM
MD
LG