Մատչելի հղումներ

Էդուարդ Սնոուդոնի գիրքը՝ գրախանութներում եւ համացանցում


ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդոնը, հույժ գաղտնի տվյալներ հրապարակելու պատճառով ԱՄՆ-ում ձերբակալվելու հնարավորությունից խուսափելու համար 2Օ13 թվականին ապաստան ստացավ Ռուսաստանում։ Ռուսաստանում բնակվող Սնոուդոնն այսօր հրատարակում է իր հուշերի մասին գիրք, որից հետո ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դատական գործ է հարուցում ընդդեմ նրա։ ՝՝Մշտական տեղեկագիր՛՛ անվանումը կրող գիրքը, երեքշաբթի օրը գրախանութներում հայտնվելով ապացուցեց, որ ունի մեծ պահանջարկ։ Այն կարելի է ձեռք բերել նաեւ ՝՝Ամազոն՛՛-ի կայքում։

Ի դեպ, ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող որեւէ հաստատություն չի ստացել գրքի նախնական օրինակը, եւ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ չնայած չի փորձելու կանխել դրա վաճառքը, սակայն միջոցներ է ձեռնարկելու, որ Սնոուդենը գրքի վաճառքից չստանա շահույթ։ Նախարարությունը դա պատճառաբանում է նրանով, որ Սնոուդենը ոտնահարել է գաղտնիքները չհրապարակելու մասին Կենտրոնական հետախուզական վարչության եւ Ազգային անվտանգության գործակալության հետ կնքած պայմանագրերը։

Իսկ ահա Գերմանիայի գրախանութներից մեկին հղված տեսակապով Սնոուդոնն ասել է, որ, այո, կա գաղտնիության մասին պայմանագիր։ ՝՝Սակայն միեւնույն ժամանակ տվել եմ Սահմանադրությունը պաշտպանելու երդում՛՛, ասել է նա ու ավելացրել, թե այն գաղտնիքները, որոնք իշխանությունները պահանջում են չհրապարակել, այն մասին են, որ հենց կառավարությունն է ոտնահարում Սահմանադրությունը եւ աշխարհի տարբեր հատվածներում՝ մարդկանց իրավունքները։

Սնոուդոնը մեծաթիվ աջակիցներ ունի աշխարհի տարբեր հատվածներում, որտեղ նրան հաճախ են համարում հերոս՝ իր կառավարությանը քննադատելու խիզախություն ունենալու համար։ Սակայն շատերն էլ նրան համարում են դավաճան ու հանցագործ։ ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը նրան մեղադրում է պետության սեփականությունը հափշտակելու եւ Լրտեսության ակտով նախատեսված պայմանները ոտնահարելու մեջ։ Այն ժամանակ նախագահ Բարաք Օբաման էր հորդորել Սնոուդոնին վերադառնալ հայրենիք ու կանգնել դատարանի առջեւ։ ՝՝Եթե նա վստահ է, որ այն ինչ արել է, եղել է ճիշտ, ուրեմն թող որպես ամերիկացի գա այստեղ ու դատարանի առջեւ իր փաստաբանների օգնությամբ ապացուցի իր անմեղությունը՛՛, ասել էր Օբաման։

Սնոուդոնի խոսքերով, ինքը չի վախենում դատարանի առջեւ կանգնելուց, սակայն պիտի վստահ լինի, որ դատը կանցնի արդար ու հանրության համար բաց։ Սակայն կառավարությունը հայտարարում է, որ եթե լինի դատավարություն, այն պիտի անցնի հատուկ ընթացակարգով եւ՝ փակ դռների հետեւում։ Դրան ոչ Սնոուդոնն է համաձայն, ոչ էլ նրա աջակիցները։

XS
SM
MD
LG