Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիայում իրականացված հարձակումներից հետո բարձրանում են նավթի միջազգային գները


Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների դեմ անցած շաբաթավերջին անօդաչու սարքերով իրականացված հարձակումները դարձել են լարվածության հետագա սրման պատճառ։ Բահրեյնի թագաժառանգ, իշխան Սալմանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահը կատարվածի համար գրեթե մեղադրել էր Իրանին։ ՝՝Երբ դա վերջնականորեն ճշտենք, ձեզ տեղյակ կպահենք՛՛, ասել էր Թրամփը՝ գրեթե վստահ լինելով, որ պատասխանատուն Թեհրանն է։

Թրամփը նորից է կրկնում, որ չի ուզում պատերազմ սկսել Իրանի հետ, սակայն հայտարարում է, որ իր երկիրը ռազմական առումով պատրաստ է դիմել, իր խոսքերով ասած, շատ ավելի ուժեղ հակահարվածի։

Հիշեցնենք, որ կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իրանին աջակից հութու ցեղի մի խմբավորում, որն այս պահին իր վերահսկողությունն է պահպանում Եմենի մայրաքաղաքում։ Ինչ վերաբերում է Իրանին, պետք է ասել, որ Թեհրանն իր դեմ մեղադրանքներն անվանում է ՝՝գերագույն աստիճանի սուտ՛՛։

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի խոսքերով, Եմենի ժողովուրդն իրականացնում է իր պաշտպանության օրինական իրավունքը։ ՝՝Հարձակումները եղել են պատասխան քայլ։ Ու այս խնդրի լուծումը պետք է սկսել հարձակումները դադարեցնելուց։ Եմենի ճգնաժամի լուծումը նույնպես քաղաքական է՛՛, ասել է Ռուհանին։
Սակայն չնայած հարձակումների փաստին, Թրամփն ասում է, թե դեռեւս կա հարցերը դիվանագիտությամբ լուծելու հնարավորություն։

Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա այն մտադիր է հետաքննություն անցկացնելու նպատակով հրավիրել ՄԱԿ-ի ու միջազգային այլ կառույցների ներկայացուցիչների։ Իսկ մինչ այդ, տարածաշրջանում թշնամական գործողությունների ծավալները մեծանալու հնարավորությանը զուգահեռ, արագ բարձրանում են նավթի միջազգային գները։

XS
SM
MD
LG