Մատչելի հղումներ

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ


Ամերիկացիների մեծ մասը գտնում է, որ երկրի տնտեսությունը ներկայումս ուժեղ է: Նախագահը գտնում է, որ այդ գործում մեծ է իր դերը, ում խոսքերով, ԱՄՆ-ը այժմ ունի երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը:

Սակայն կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ տնտեսությունը շուտով կթուլանա:
Նրանցից Ուիլյամ Հոգլանդի խոսքերով, չնայած Թրամփի 3,4,5 տոկոսի աճի մասին կանխատեսումներին, ինքը շատ կզարմանար, որ 2020-ին տնտեսական աճը գերազանցեր 2 տոկոսը:

Թրամփը բողոքում է, որ տնտեսությանը մեծապես վնասում է մամուլը: Մամուլը, նրա խոսքերով, անհամբեր սպասում է, թե երբ է երկրում նկատվելու անկում: Ինչպես վերլուծաբաններից Անդրա Ջիլեսփին է ասում, այո, մարդիկ տնտեսական դժվարությունների դեպքում մեղադրում են տվյալ պահի վարչակազմին, ու իրենց ձայնը տալիս հակառակ կողմին:

Թրամփը Կենտրոնական բանկին հորդորել է տոկոսադրույքներն իջեցնել մինչեւ զրոյի, մի բան, որը դաշնային կառավարությանը կտա իր պարտքերը շատ ցածր գնով վերաֆինանսավորելու հնարավորություն: Թրամփի խոսքերով, արդար չէ, որ ամերիկացիները մուծեն ավելի բարձր տոկոսադրույքներ, քան մյուս երկրներում բնակվող մարդիկ: Խոսքը նաեւ եվրոպացիների մասին է, որտեղ հինգշաբթի օրը հայտարարվեց տոկոսադրույքները եւս կես տոկոսով իջեցնելու որոշման մասին:
Բացասական տոկոսադրույքների դեպքում բանկերը ստիպված են լինում պահել իրենց դրամը, եւ հրաժարվում են վարկեր հատկացնելուց:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, ցածր տոկոսադրույքները կօգնեն դաշնային կառավարությանը խնայել ֆինանսներ: Սակայն իրական խնդիրը պարտքի մակարդակն է: Հոգլանդի խոսքով, Թրամփը խոստացել էր վերացնել պարտքը, սակայն նրա օրոք պարտքն աճել է նկատելիորեն:
Եվ այսօր, երբ Չինաստանի հետ առեւտրային պատերազմը մեծապես է վնասում ամերիկացի ֆերմերներին ու ձեռնարկություններին, Թրամփը քննարկում է հարկերի այլ կրճատումներ իրականացնելու հարցը, ինչը նրա խոսքերով կլինի շատ ‘’ոգեշնչող’’:

XS
SM
MD
LG