Մատչելի հղումներ

Իրանի նախագահը ԱՄԿ-ի շրջանակներում չի հանդիպելու ԱՄՆ-ի իր պաշտոնակցին


Իրանը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ նախագահ Հասան Ռուհանին ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպում չի ունենալու ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ: Դրանից մեկ օր առաջ էր Սպիտակ տունը հայտարարել կողմերի միջեւ բանակցություններ սկսվելու հնարավորության մասին:

‘’Նման հանդիպում տեղի չի ունենա’’, ասել է Իրանի արտգործանախարարության խոսնակը: Իրանի պաշտոնատար անձինք պարբերաբար են հերքել Վաշինգտոնի հետ հանդիպում կամ բանակցություններ անցկացվելու մասին լուրերը: Նրանք դա պատճառաբանել են Իրանի նկատմամբ ամերիկյան կողմի պատժամիջոցներով, որոնք Դոնալդ Թրամփն ուժի մեջ դրեց միջուկային միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերելուց հետո:

Արգործանախարարության խոսնակ Մուսավին նաեւ քննադատել է 2015 թվականի միջուկային պայմանագրի կողմ հանդիսացող եւրոպական պետություններին` Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային ու Գերմանիային` ‘’պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար’’:

Իրանն ավելի վաղ դատապարտել է ու ‘’անընդունելի’’ որակել ԱՄՆ-ի այն մեղադրանքները, որոնց համաձայն Իրանն է մեղավոր Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների դեմ իրականացված հարձակման մեջ: Նման մեղադրանքներով հանդես գալուց հետո ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է համապատասխան քայլերի:

Նշենք, որ հարձակումների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Եմենում Իրանի հետ դաշնակից հութի ցեղախմբի ապստամբները:

‘’Կառուցողական դիվանագիտության համար պայման է հանդիսանում պատժամիջոցների ավարտը’’, ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակն ու ավելացրել, որ Իրանը բանակցություններ է անցկացնում, երբ լինում է վստահ, որ իր ժողովրդի խնդիրները կարող են լուծվել: ‘’Պատժամիջոցները պետք է հանվեն, եւ Միացյալ Նահանգները պետք է հարգի Իրանի ժողովրդին’’, ասել է նա:

XS
SM
MD
LG