Մատչելի հղումներ

 
Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի նախագահները քննարկելու են Սիրիայի խնդիրը

Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի նախագահները քննարկելու են Սիրիայի խնդիրը


Սիրիայի կառավարական ուժերը վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուժգին հարվածներ են հասցնում Սիրիայի Իդլիբ քաղաքում կուտակված ապստամբ ուժերին: Շրջապատման մեջ հայտնված երեք միլիոնանոց քաղաքի մարդիկ այս ընթացքում դիմում են փախուստի դեպի սահմանակից Թուրքիա, որի նախագահ Էրդողանը հանդիպում է հրավիրել Ռուսաստանի ու Իրանի իր պաշտոնակիցների հետ:
Թուրքիայում արդեն իսկ կա մոտ չորս միլիոն սիրիացի: Եվ Էրդողանն ասում է, թե իր երկիրն չի կարող ընդունել նորանոր փախստականների: Այստեղ նույնիսկ սկսվել են շուրջկալներ` առանց փաստաթղթերի փախստականներին հայտնաբերելու համար: Էրդողանի նպատակը Ռուսաստանից ու Իրանից ինչ որ օգնություն ստանալն է, չնայած այն հանգամանքին, որ կողմերի միջեւ առկա են լուրջ տարաձայնություններ հենց Սիրիայի հարցում:


Ինչպես Թուրքիայի նախկին դիվանագետ Այդին Սելչենն է ասում, Անկարայում երկուշաբթի օրն անցկացվելիք հանդիպումը պարզապես կարող է հետաձգել այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում: ‘’Սիրիայի բանակը չունի Սիրիայից թուրքական ուժերին դուրս մղելու կարողություն: Բայց հիշենք, որ Ռուսաստանը Սիրիայի աջակիցն է’’, ասում է նա ու ավելացնում, որ բոլոր կողմերը, այդ թվում Միացյալ Նահանգները, ցանկանում են կատարել վերջին քայլերն այստեղ: ‘’Իսկ հաջորդ քայլը նոր սահմանադրություն գրելն է’’, ասում է նա:
Թուրքիան այս պահին համալրում է ռազմական իր ուժերն Իդլիբի շուրջը, ինչը մեծացնում է թուրքական ու սիրիական ուժերի բախման հնարավորությունը:

Ինչպես թուրք պրոֆեսոր Մեսութ Քասինն է ասում, նման պարագայում Ռուսաստանը կարող է կարեւոր դեր կատարել: ‘’Պուտինը խելացի մարդ է, ու չէր ցանկանա կորցնել Թուրքիային: Չմիջամտելու դեպքում, կխորտակվի ռուս-թուրքական գործընկերությունը’’, ասում է նա:

Սիրիայի խաղաղության գործընթացի քննադատներն ասում են, թե Ասթանայի գագաթաժողովները շատ քիչ բան են տվել այդ նպատակի իրագործման համար: Սակայն, եթե Իդլիբի մարդասիրական ու անվտանգության հարցերով երկուշաբթի օրն անցկացվելիք հանդիպումն էլ ավարտվի անարդյունք, հետեւանքները կլինեն շատ ավելի դաժան:

XS
SM
MD
LG