Մատչելի հղումներ

Ով է ՄԱԿ-ում ԱՄՆ մշատական նոր ներկայացուցիչը


Քելի Նայթ Քրաֆթը ստանձնել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնը թեժ ժամանակահատվածում: Ավելի քան մեկ շաբաթ անց Նոյւ Յորքում կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի տարեկան համագումարը:

Քելի Նայթ Քրաֆթը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելուց հետո իր հավատարմագիրն է հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին, որից հետո մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին:

Նորանշանակ դեսպանը հայտարարել է, որ ինքը ոչ միայն ՄԱԿ-ում նախագահ Թրամփի դեսպանն է, այլ նաև ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ Ամերիկայի ստանձնած պարտավորությունների ձայնը:

Քելի Քրաֆթը ծնունդով Քենթակի նահանգից է: Նա նախկին գործարար է: Նորանշանակ դեսպանն ու նրա միլիարդատեր գործարար ամուսին Ջոնը հայտնի են հանրապետական շրջանակներին որպես խոշոր նվիրատուներ: 2016 թվականին այս ընտանիքը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավին:

Սրանից երկու տարի առաջ դեսպան Քրաֆթը նշանակվել էր Կանադայում ԱՄՆ դեսպան: Նրա օրոք վերաբանակցվեց ԱՄՆ-Մեքսիակա-Կանադա նոր համաձայնագիրը:

Սենատում նա ստացավ ՄԱԿ-ում դեսպանի նշանակումը հանրապետական մեծամասնության ձայների շնորհիվ: Դեմոկրատները քննադատեցին նրա նշանակումը՝ ընդգծելով, որ նա չունի համապատասխան փորձառություն արտաքին հարաբերություններում:

«Տիկին դեսպան, թույլ տվեք անկեղծ լինեմ: Ես մեծ վերապահումներ ունեմ այս դժվարին ու բարդ պաշտոնում Ձեր փորձառության պակասի վերաբերյալ»,- նշել է սենատոր Բոբ Մենենդեսը:

Բարձրացվող մտագհուգությունների շարքում էր նաև նրա երկարատև բացակայությունը Կանադայում ԱՄՆ դեսպանության իր աշխատատեղից: Իր պաշտոնավարման 608 օրից ավելի քան կեսը նա բացակայել է գրասենյակից:

Հաշվի առնելով, որ նրա նշանակումը համընկել է ՄԱԿ-ում Գլխավոր վեհաժողովի տարեկան հավաքի հետ՝ վերլուծաբանները կարծում են, որ Քրաֆթը չի ունենա ակտիվ մասնակցություն այս հարցում:

«Նրա աշխատանքը կայանում է նրանում, որ նախագահ Թրամփի այցը անցնի առանց խնդիրների: Նա չի զբաղվի ակտիվ դիվանագիտությամբ: Կարծում եմ կփորձի ազդեցիկ դեր ստանձնել Նյու Յորքում միայն Գլխավոր Ասամբլեայից հետո, երբ նա կկարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել Անվտանգության խորհրդի այլ անդամների կամ խոշոր տերությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններ ձևավորելու համար»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի ՄԱԿ-ի գծով տնօրեն Ռիչարդ Գովանը:

Այս տարվա ՄԱԿ-ի տարեկան հավաքին ամենաարդիկան թեմաներից է կլիմայի փոփոխությունը: Քրաֆթի ընտանիքը կապ ունի ածխի արտադրության ոլորտի հետ: Իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ հավատում է կլիմայի փոփոխության շուրջ բանավեճի երկու կողմերին:

Հիշեցնենք, որ այս պաշտոնում Քելի Քրաֆթը փոխարինել է դեսպան Նիկի Հեյլիին, ով ազդեցիկ դեր ուներ արտաքին քաղաքականության ասպարեզում : Դեսպան Քրաֆթի պարագայում վերլուծաբոանները կանխատեսում են ավելի փոքր ազդեցություն արտաքին քաղաքականության վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG